Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 03 հունիսի, 2026 թ.

«Հայաստանը՝ նաև ԵՄ-ԱՄՆ շահերի բախման կենտրոնում»․ Վահե Դավթյան

76
Այսօր, 16:36
«Հայաստանը՝ նաև ԵՄ-ԱՄՆ շահերի բախման կենտրոնում»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը՝ նաև ԵՄ-ԱՄՆ շահերի բախման կենտրոնում․
Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը գործող իշխանությունների շնորհիվ ներգրավվել է աշխարհաքաղաքական մեգախաղացողների բախման մեջ:
Ինչ խոսք, դա այսպես է: Սակայն այդ թեզը հնչեցողներն առավելապես ի նկատի ունեն Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը, մինչդեռ դա մակերեսային մոտեցում է: Ընթացող աշխարհաքաղաքական անտագոնիզմը շատ ավելի խորն է ու բազմաշերտ: Ուստի, շատ ավելի ընդլայնված ու բազմաֆունկցիոնալ է Հայաստանի ներգրավումը՝ որպես այդ անտագոնիզմի գործիք:
Ս.թ. հունիսի 2-ին պաշտոնապես շահագործման հանձնվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: 2017թ-ից ի վեր այն, ինչպես հայտարարվում է, գործում էր «թեսթային ռեժիմով»: Դեռևս մի կողմ դնենք այդ արտերիայի գործարկման տնտեսական կողմը, ինչին բազմիցս եմ անդրադարձել:
Ի՞նչ է Բաքու-Թբիլիսի-Կարսը: Եվ ինչո՞ւ է այն շահագործման հանձնվում հենց այսօր:
Սա մի երկաթուղի է, որը կոչված է ապահովելու Եվրոպա-Կովկաս-Ասիա անդրկասպյան հաղորդակցությունը՝ ձևավորելով բոլորիս հայտնի «Միջին միջանցքը»: Նախագծի առանցքային շահառուն, հատկապես 2022թ. ռուս-ուկրաինական ճգնաժամից ի վեր, հանդիսանում է ԵՄ-ն, որի համար ելքը դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան այսօր կրիտիկական նշանակություն է ստացել: Բնականաբար, այդ նպատակադրման հիմքում ընկած է Ռուսաստանի ենթակառուցվածքերը շրջանցելու սկզբունքը: Սա է պատճառը, որ երկաթուղին ներառված է ԵՄ Global Gateway ծրագրի առաջնահերթությունների ցանկում՝ նույն այն ծրագրի, որի շրջանակներում Հայաստանին առաջարկում են 2,5 մլրդ եվրո՝ տրանսպորտային համակարգի մոդեռնիզացման համար:
2025թ. օգոստոսի 8-ին օրակարգ է բերվում TRIPP-ը, որը փաստացի խառնում է ԵՄ խաղաքարտերը տարածաշրջանային լոգիստիկայում:
ԵՄ նպատակն է Հարավային Կովկասով դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրումն ու նոր գեոտնտեսական ուղիներ հաստատել Ասիայի հետ: ԱՄՆ նպատակը՝ նախ ամրապնդվել եվրոպական շուկայում, հատկապես որպես բնական գազի գլխավոր մատակարար՝ բացառելով հետագայում ԵՄ-Չինաստան տնտեսական կապերի զարգացումը:
Դրա համար Վաշինգթոնին անհրաժեշտ է դիրքավորվել «Միջին միջանցքում»՝ նպատակ, որն իր արտահայտումն է ստանում հենց TRIPP-ի տեսքով: Վերջինիս թողունակությունը գնահատվում է 15 մլն տ, անգամ խոսվում է մինչև 20 մլն հասցնելու մասին: Հաշվի առնելով, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը հազիվ կարող է հասնել 5 մլն-ի, TRIPP-ի ակնկալվող ցուցանիշները վկայում են ԱՄՆ կողմից ագրեսիվ տրանսպորտային քաղաքականության պլանավորման մասին:
Ս.թ. մայիսի 26-ին Վաշինգթոնն ու Երևանը նախաստորագրեցին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը:
Ընդամենը օրեր անց հայտարարվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիարժեք շահագործման հանձնելու մասին, ինչն ավելի նման է PR-ակցիայի՝ հաշվի առնելով, որ երկաթուղին փաստացի շահագործվում է 2017թ.-ից: Աշխարհաքաղաքական սիմվոլիզմի դաշտում սա շատ կարևոր ազդակ է:
Այսպիսով, դեպի ԵՄ շարժվող Հայաստանը միջանցք է տրամադրում ԱՄՆ-ին՝ Եվրոպա-Ասիա կապերը զսպելու նպատակով: Այլ կերպ ասած՝ դառնում է գործիք ոչ միան Ռուսաստան-Արևմուտք, այլ նաև ներարևմտյան խորքային կոնֆլիկտի մեջ»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան