Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2026 թ.

«Մի խաբվեք այս տիկնոջ թախծոտ աչքերին»․ Նաիրի Հոխիկյան

63
Այսօր, 09:54
«Մի խաբվեք այս տիկնոջ թախծոտ աչքերին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Օրեր առաջ իմացա, որ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրում կրթության ոլորտի փորձառու, վաստակավոր մասնագետների, հարցեր է տալիս առաջադեմ, որակյալ, ազգային կրթական ծրագրերի մասին։
Առաջին հայացքից նորմալ բան է։ Հայտնի կին է, ունի իշխանական լծակներ, փորձում է լավագույն մասնագետներին իր կողքը հավաքել ինչ-որ արդյունք ստանալու համար։
Բայց այստեղ էլ թաքնված է ամենավտանգավոր շան գլուխը։
2019-20 թվականներին ՀՀ վարչապետի ընտանիքի հետ կապեր ունեցող որոշ ՀԿ-ներ Արցախում հարցումներ էին անում ամենահեղինակավոր զինվորականների մասին։ Զորքից ու քաղաքացիներից հարցնում էին, թե ովքեր են ՊԲ-ում լավ ծառայում, ովքեր են ավելի սիրված ժողովրդի կողմից, ինչպես են զինվորականները պատկերացնում ռազմական բարեփոխումները, որ ունենանք Արցախի ավելի ուժեղ բանակ։
Այդ հարցումների արդյունքների ամփոփումից կարճ ժամանակ անց՝ 2020-ի գարնանը, Արցախի ՊԲ-ում պաշտոնանկ արվեցին կամ ցածր պաշտոնների տեղափոխվեցին ամենաբարձր հեղինակություն ունեցող զինվորականները, լավագույն հրամանատարներին փոխարինեցին միջակ զինվորականներով։
Հետևանքը եղավ այն, որ ամիսներ անց՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի հարձակման ժամանակ հրամանատարներից շատերը փախչում էին՝ զորքին թողնելով մենակ ու անկազմակերպ, իսկ այդ ընթացքում իսկական մարտունակ զինվորականները մեկուսացված էին, նրանց չէին թողնում մոտենալ զորքին։ Նպատակը պարզ էր։
Վերադառնանք մեր օրեր։
Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը փորձում գտնել կրթության ոլորտի լավագույն մասնագետներին։ Հատկապես նրանց, ովքեր ունեն ազգային պատկերացումներ։ Ի դեպ, ոչ միայն կրթության ոլորտի, նաև հանդիպումներ է կազմակերպում փորձագետների, գործարարների, նույնիսկ ընդդիմադիր հայրենասեր գործիչների հետ։
Նպատակը մեկն է՝ թվացյալ բարի և մտահոգ ժպիտով խոսեցնել հայրենասեր մարդկանց, բացահայտել կարողունակ և գործ անողներին, հետո նրանց չեզոքացնել, հեղինակազրկել կամ գնել տարբեր միջոցներով՝ քրեական գործերից մինչև հարկային տեռոր ու շանտաժ։
Սիրելի հայրենակիցներ, եթե դուք իրոք հայրենասեր ու նախաձեռնող մարդիկ եք, ունեք հայրենիքի ու ընտանիքի գիտակցում, չեք սիրում Թուրքիան ու Ադրբեջանը, հասկանում եք Արցախի արժեքը, և ձեզ մի հրաշքով հանկարծ հանդիպման է հրավիրում Աննա Հակոբյանը, մի զարմացեք ու մի ոգևորվեք, երբ հնարավոր հանդիպման ժամանակ տխրադեմ ու դալուկ աչքերով ասի, թե մեր երկիրը պիտի փրկենք բոլորս միասին։
Դա թակարդ է։
Լսեք նույնպիսի թախծոտ աչքերով, բայց խայծը կուլ մի տվեք։ Աշխատեք հնարավորինս քիչ խոսել, խոսելիս էլ ասեք այն, ինչը ձեր իրական արժեքներին չի համապատասխանում։ Երբեք մի բացահայտեք ձեր իրական մտքերը, մի խաբվեք այդ տիկնոջ թախծոտ աչքերին։ Դրանցում ձեր դատավճիռն է թաքնված։ Ուստի եթե ուզում եք օգտակար լինել մեր երկրին, ապա ընդամենը մի գնացեք այդ տիկնոջ հետ հանդիպման, իսկ եթե ստիպված եք գնալ, ապա մի բացահայտեք ձեր իրական մտքերը, եղեք ավելի շատ լսողի դերում և կամ ասացեք ուրիշ գաղափարներ, որոնք ձերը չեն։ Խաբեք ու մոլորեցրեք թշնամուն»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան