«Բնակելի թաղամասերն են վերածվում տեցի կռուգների»․ Արմեն Խաչատրյան
64
Այսօր, 10:06
ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտաֆիլմի պես կրակոցներ Երևանի Աջափնյակում՝ լույս ցերեկով, բակում, մարդկանց մեջտեղ։ 1 մարդ զոհվել է, 10-ից ավելի վիրավոր, որոնցից 2-3-ի վիճակը ծայրահեղ ծանր։ Սա ոչ թե պատահական վեճ էր, սա զանգվածային հրազենային հարձակում էր՝ ինքնաձիգներով, ատրճանակներով, ու փառք Աստծո, որ վեճի հետ կապ չունեցող բնակիչներ, կանայք ու երեխաներ էլ չեն տուժել։ Երբ հարկավոր է հավաքներ ցրել կամ հրապարակային ակցիաներ կանգնեցնել՝ ոստիկանությունը հայտնվում է ամենուր, գազ է շաղ տալիս, ռետինե փամփուշտներ է արձակում, ուժ է ցուցադրում։ Բայց երբ պետք է կանխել քրեական խմբերի զանգվածային «ռազբորկան», երբ կյանքեր են վտանգված, երբ հրազեն է օգտագործվում բաց ու բնակելի տարածքում՝ ոչ ոստիկան, ոչ քրեական հետախուզություն, ոչ անհապաղ արձագանք։ Մի ժամանակ կար մի հատ «Տեցի կռուգ», հիմա արդեն բնակելի թաղամասերն են վերածվում տեցի կռուգների։ Պարեկները միշտ պատրաստ են հայտնվել կողքիդ՝ հազար դրամ ավելի քերթելու համար, տուգանք գրելու համար, առանց էն էլ դժվարին կյանքն ավելի ծանրացնելու համար։ Բայց երբ արյուն է հոսում, երբ մարդիկ մահանում են փողոցում՝ անհետանում են, չկան, չեն երևում։ Սա իրավակարգի ակնհայտ խախտում է, ձախողում։ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, կյանքի և առողջության պաշտպանությունը (ՀՀ Սահմ. 18-րդ հոդված, Ոստիկանության մասին օրենքի հիմնական պարտականությունները)։ Բայց երբ պետական մարմինները ընտրովի են գործում՝ մի դեպքում գազանանում, մյուսում անտեսում ու անհետանում, դա արդեն ոչ թե անփութություն է, այլ համակարգային ձախողում, որը սպառնում է բոլորիս։ Մտածե՛ք լուրջ։ Մենք երբևէ պատրաստվե՞լ ենք ապրել երկրում, որտեղ փողոցում կրակոցներ են հնչում, իսկ պետությունը «չի տեսնում»։ Սա մեր իրականությունն է, և մենք չենք կարող անտեսել։ Մի անգամ ապագա կա ապագան խոստացան, սրան հասանք, իսկ հիմա էլ խաղաղություն են խոստանում»։