«Ռեժիմը ՀՀ-ն փաստացի հանձնում է արտաքին կառավարման»․ Էդուարդ Շարմազանով
80
Այսօր, 16:00
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ռեժիմը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի գործոն լինելու բոլոր բաղադրիչները։ Ակնհայտ փաստ է, որ 1991-2018թթ. ՀՀ-ն հանդիսացել է գործոն տարածաշրջանում ու այդ փաստի հետ հաշվի են նստել թե տարածաշրջանային և թե արտատարածաշրջանային խաղացողները։ Հայաստանը գործոն էր նախ հայկական Արցախով։ Հայաստանի մի պետություն էր, երբ կար հայկական Արցախ, որի անվտանգության երաշխավորը հենց ՀՀ-ն էր, և լրիվ այլ սուբյեկտ է առանց Արցախի։ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին, ճանաչելով Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս, ակնհայտ թուլացրեց ՀՀ-ի սուբյեկտայնությունը։ Երկրորդ. ՀՀ-ի սուբյեկտայնության բարձրացումը պայմանավորված էր նաև հայ-իրանական սահմանով և Սյունիքում ճանապարհների ամբողջական հայկական վերահսկողության փաստով։ Սյունիքի ճանապարհները փաստացի արտաքին կառավարման տալով՝ Փաշինյանը զիջեց ՀՀ սուբյեկտայնությունն ու նպաստում է «պանթուրանական միջանցք» ծրագրի իրականացմանը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպե՞ս այն կանվանվի։ Երրորդ. ՀՀ-ն լուրջ տարածաշրջանային գործոն էր հանդիսանում նաև հայկական ատոմակայանով։ Ու պատահական չէ, որ և Ադրբեջանը, և՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ ջանք չէին խնայում ամեն ինչ անելու փակելու այն։ Այսօր Փաշինյանի ռեժիմը, հավանություն տալով մոդուլային կայանների կառուցման անարդյունավետ ու խելքից դուրս թանկ ծրագրին, փաստացի գնում է հայկական ատոմակայանը փակելու ճանապարհով՝ էլ ավելի սահմանափակելով ՀՀ էներգետիկ անկախությունը։ Եվ չորրորդ. Հայաստանի տարածաշրջանային ու միջազգային գործոն լինելուն լրջորեն նպաստում էր Հայ Եկեղեցին։ Պայքարելով Հայ Եկեղեցու ու Վեհափառի դեմ՝ ռեժիմը գնում է այն թուլացնելու ու տրոհելու ճանապարհով։ Սրանք փաստեր են, որոնք ակնհայտ են դարձնում ՀՀ կառավարիչների պետությունը գործոնից գործիք դարձնելու քայլերի մասին։ Ռեժիմը ոչ թե ինքնիշխանություն է բերում, այլ՝ ՀՀ-ն փաստացի հանձնում է արտաքին կառավարման, որտեղ լուրջ դերակատարում է ունենալու նաև Թուրքիան»։