«Հանդիպման ժամանակ հիշատակվեց մեր աշխատավարձի նվազ լինելը՝ կարծելով, թե կարող են մեզ «գնել»»․ Արթուր Գևորգյան
81
Այսօր, 15:18
Գնդերեց Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպեսզի Ձեզ չմանիպուլացնեն և ստի գործիք չդարձնեն՝ ցանկանում եմ լուսավորել իրականությունը: Վերջին օրերին հանրային դաշտում տարածվող տարբեր մեկնաբանությունների ու մոլորեցնող խոսքերի պատճառով հարկ եմ համարում անձամբ պարզաբանել՝ ինչ է տեղի ունեցել, և ով է ծառայում ստին, իսկ ով՝ Քրիստոսին։ Ես՝ իմ 16 գնդերեց եղբայրների հետ միասին, մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խորհրդակցությունների կլոր դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ ներկա էին՝ ՀՀ պաշտպանության նախարար տիար Սուրեն Պապիկյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար տիար Արման Սարգսյանը, ՀՀ ԳՇ պետ Ասրյանը, և Բարոյահոգեբանական ծառայության պետ Ստեփանյանը։ Այդ հանդիպման ընթացքում մեզ ուղղվել է ուղիղ և հստակ հարց. ինչ վերաբերմունք ունենք այսպես կոչված «բարենորոգում» անվամբ տխրահռչակ շարժման նկատմամբ։ Այնուհետև պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց ևս մեկ առավել հստակ հարցադրում. միանում ենք այդ շարժմանը, թե՝ ոչ։ Այս խոսակցությունների համատեքստում, 30 տարվա անմնացորդ ծառայությունից հետո, առաջին անգամ հիշատակվեց նաև մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը՝ կարծելով, թե կարող են մեզ «գնել»։ Կոնկրետ ինձ հետ հանդիպել է նաև Շիրակի կայազորի պետ՝ ոմն գեներալ Բուդաղյանը, որը շուրջ երկու ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։ Հիմա հարց եմ տալիս. Մի՞թե կարելի է հերքել մեր կյանքի մեջ եղած իրականությունը։ Մի՞թե ճիշտ է հանրությանը մոլորեցնել։ Թերևս զարմանում եք, որ կան հայորդիներ, որոնք չեն վաճառվում։ Պարոնայք չինովնիկներ, իմ և իմ գնդերեց հոգևոր եղբայրների անունից հայտարարում եմ՝ մենք չենք ծառայելու որևէ աշխարհիկ շահի, որևէ քաղաքական շարժման կամ ճնշման։ Մենք ծառայում ենք միայն Աստծուն և մեր Սուրբ Եկեղեցուն։ Եվ այսօր կրկին, բարձրաձայն ասում ենք. Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր ազգընտիր Գահակալ Հայրապետին, մեր Առաջնորդ Հայր Սուրբին, և իմ գնդերեց եղբայրներին՝ ավագ գնդերեց հայրերին, ովքեր հավատարիմ մնացին մեր Սուրբ Եկեղեցուն։ Աստված պահապան բոլորիս»։