ՀՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը։ Վարդան Խաչատրյանը ծնվել է 1959 թվականի ապրիլի 6-ին՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ 1975–1980 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1982–1985 թվականներին եղել է Մոսկվայի Է. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտ։ 1980–1983 թվականներին աշխատել է Հայաստանի «Հանքային ջրեր» արտադրական միավորումում՝ որպես ինժեներ։ 1983–1985 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես ինժեներ։ 1985–1990 թվականներին զբաղեցրել է Հայաստանի հրուշակեղենի և հացաթխման արդյունաբերական միավորման տեխնիկական բաժնի ավագ ինժեների, բաժնի վարիչի, ապա՝ արտադրատեխնիկական բաժնի վարիչի պաշտոնները։ 1990–1992 թվականներին եղել է ՀՍՍՀ սննդի նախարարության «Զովք» արտադրական միավորման արտադրամասի պետ, ապա՝ «Զովք» գործարանի տնօրեն։ 1992–1995 թվականներին եղել է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի անդամ։ 1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ զբաղեցնելով ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1998–1999 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես ֆինանսաբյուջետային վարչության պետ։ 1999–2000 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2000–2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Վարդան Խաչատրյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 18:00–20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը կկայանա փետրվարի 8-ին, ժամը 14:30, նույն վայրից։ Ցավակցում ենք Վարդան Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր կորուստը»: