Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.

«Չես կարողանում հաղթել, բարեկամացիր․ այս սկզբունքո՞վ է առաջնորդվել Դոնալդ Թրամփը»․ Հակոբ Բադալյան

81
Այսօր, 19:02
«Չես կարողանում հաղթել, բարեկամացիր․ այս սկզբունքո՞վ է առաջնորդվել Դոնալդ Թրամփը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր:

Ա՞յս սկզբունքով է Դոնալդ Թրամփը հայտարարել, որ Հունգարիայի նոր վարչապետի պաշտոնին գնացող, խորհրդարանի ընտրությունը հաղթած Մադյարը լավ տղա է ու լավ կաշխատի:

Չէ՞ որ Օրբանի պարտությունը դիտարկվեց նաև Թրամփի պարտություն: Թե՞ դեռ վաղ է, ինչպես ասել էր Հունգարիայի ընտրությունից հետո: Թվում է, որ Հունգարիայում հաղթել է Բրյուսելը: Սա իհարկե միայն մեր մակերեսային արևմտամոլների համար: Հունգարիայում ձևավորվել է նոր իրավիճակ, որում հաղթել է առաջին և առայժմ թերևս միակ հերթին՝ Հունգարիան, հունգարական հանրությունը, հունգար ժողովուրդը:

Եվ այդ հաղթանակը կամ իրողությունը գնահատելու համար պետք է քաղաքական կայուն հայեցում և պատեհության ու պատմական իրավիճակի խորը ըմբռնում, այլ ոչ թե քաղաքականությունը մակերեսային քարոզչական նարատիվներով դիտարկելու սահմանափակություն:

Հունգարիան օգտագործել է փոփոխության պահն ու դուրս եկել նոր հարթություն: Կրկնեմ, ոչ թե ՓՐԿՎԵԼ է, ինչպես նոր իրավիճակը կամ նոր հարթություն դուրս գալը դարձյալ մակերեսայնորեն չափվում է Հայաստանում, այլ դուրս է եկել նոր հարթություն, ստացել գործելու, նպատակներ դնելու և խնդիրներ լուծելու նոր տարածություն: Ու դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ Օրբանը չի կառչել իշխանությունից: Չգիտես ինչու դիկտատոր հռչակված Օրբանը հեռացել է ընտրության միջոցով: Սա, ըստ երևույթին, դիկտատորի նոր տեսակ է, որը ընտրության միջոցով է հեռանում: Իհարկե սա ասում եմ սարկազմմով, որովհետև Օրբանը դիկտատոր է միայն եվրաատլանտյան ուլտրալիբերալիզմի «պաշտպամունքային ծիսականության» տրամաբանությամբ: Իսկ Հունգարիայի պետական տրամաբանությամբ Օրբանը գործիչ է, որը մտածել է լայն և տվել է Հունգարիայի նոր տարածություն:

Ու այստեղ է, որ, երբ մենք դիտարկում ենք Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, պետք է այն դիտարկենք Հայաստանի համար ակնհայտորեն սեղմված ու սեղմվել շարունակվող տարածությունից դուրս գալու լայն խոհի համատեքստում: Այստեղ, այլ ոչ թե մեզ փաթաթվող մանր-մունր կոնյուկտուրային պրոպագանդիստական չափումների շրջանակում է, որ մենք պետք է փնտրենք փոփոխության հնարավորությունը: Այստեղ է, որ ես այդ հնարավորության առաջնային միջոցի դերում տեսնում եմ Սամվել Կարապետյանի ներգրավվածությունը,, որովհետև ոչ թե տեսնում եմ «փրկվելու կախարդական փայտիկը», այլ փոփոխության, և Հայաստանը նոր տարածություն դուրս բերելու գործնական հնարավորությունը:

Ընտրական պրոցեսը պետք է չափել միայն ու միայն այդ հնարավորությամբ, հատկկապես ինտելեկտուալ համարում կամ հավակնություն ունեցող շրջանակներում: Դրա առաջին հատկանիշը պետք է լինի անձերի դաշտից դուրս գալն ու Հայաստանի առաջ եղած կենսական խնդիրը երևույթների և լուծման գործնական մեխանիզմների դաշտում դիտարկելը, առանց պատրանքների, բայց նաև, կրկնեմ՝ Հայաստանի համար նոր տարածություն բացելու կենսական հրամայականով»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան