Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Հարյուրավոր ապաստան հայցողներ մնացել են առանց տանիքի»․ Անուշ Շահրամանյան

101
Այսօր, 17:36
«Հարյուրավոր ապաստան հայցողներ մնացել են առանց տանիքի»․ Անուշ Շահրամանյան

Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ կառավարություն․
ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ-ում ապաստան հայցողների իրավունքների կոպիտ խախտման վրա։
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Հայաստանում ապաստան հայցողներն ունեն կացարանի իրավունք և պետք է տեղավորվեն Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց տրամադրվում է օրական երեքանգամյա սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, ինչպես նաև անհրաժեշտ հագուստ ու կոշիկ։ Սակայն նույն օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում այն անձանց, որոնք չունեն կենսաապահովման հնարավորություն, տրամադրվում է դրամական օգնություն՝ Կառավարության սահմանած կարգով։ Համաձայն այդ կարգի՝ տրամադրվող ամսական գումարը կազմում է ընդամենը 20,000 դրամ դիմումատուին և 15,000-ական դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ ընդամենը երեք ամիս ժամկետով։
Ստացվում է մի իրավիճակ, երբ որպես կացարանի, սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների այլընտրանք պետությունն առաջարկում է առերևույթ անհամաչափ գումար, որով անհնար է ապահովել նվազագույն կենսապայմանները։ Ներկայում հարյուրավոր ապաստան հայցողներ պարզապես մնացել են առանց տանիքի, սոված ու զրկված տարրական հիգիենայից, ձմեռային հագուստից՝ չունենալով գոյատևման ոչ մի իրական հնարավորություն։
Այս խնդիրը ոտնահարում է մարդու արժանապատվությունը և անձին դնում անելանելի վիճակի մեջ։ Անհրաժեշտ է անհապաղ վերանայել դրամական օգնության չափը և այն համապատասխանեցնել օրենքով երաշխավորված կենսապահովման պայմաններին՝ սահմանելով իրատեսական գումար, որով անձը կկարողանա իրականում հոգալ կացարանի, ուտելիքի և հագուստի նվազագույն ծախսերը»։