«ՀՀ անվտանգությունը չի կարող հիմնվել մեկ կենտրոնի «բարի կամքի» վրա». Արման Բաբաջանյան
81
Այսօր, 01:06
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե մի երկիր չի կարող պաշտպանել անգամ այն գործընկերներին, որոնց հետ ունեցել է տասնամյակների «դաշնակցային» կապ, ռազմատեխնիկական մատակարարումներ ու ռազմավարական ներդրումներ, ապա նրանից «անվտանգություն ակնկալելը» մեկ անուն ունի՝ վտանգավոր ինքնախաբեություն։ Նայեք փաստերին։ Վենեսուելայում ԱՄՆ-ն իրականացրեց գործողություն և Նիկոլաս Մադուրոյին վերցրեց ու բերեց ԱՄՆ դատարան, իսկ Մոսկվայի արձագանքը փաստացի սահմանափակվեց հայտարարություններով։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանի և Վենեսուելայի կապերը տարիներով ներկայացվել են որպես ռազմավարական, և Ռուսաստանը, տարբեր գնահատականներով, վաճառել է մեծածավալ սպառազինություն ու կառուցել ծանր քաղաքական կապեր, բայց վճռական պահին չկարողացավ խաղի ընթացքը փոխել։ Սիրիայում Ասադի համակարգի փլուզումը, Իրանի շուրջ շարունակվող հարվածների ու ճնշման ալիքը, և Կուբայի շուրջ նոր խմորումները մեկ բան են ցույց տալիս․ Ռուսաստանի «գլոբալ հենարանները» մեկը մյուսի հետևից դառնում են բանակցության առարկա, ոչ թե երաշխիք, իսկ Մոսկվան ավելի ու ավելի հաճախ սահմանափակվում է հայտարարություններով այնտեղ, որտեղ պիտի կարողանար կանխել, պաշտպանել ու պահել ազդեցությունը։ Ամենախորը և հիմնարար ապացույցը Հայաստանի փորձն է, որովհետև այստեղ խոսքը ոչ թե հեղինակության, այլ կյանքի, տարածքի և պետականության մասին է։ Երբ 2020-ից հետո Ռուսաստանի հետ կառուցված անվտանգային համակարգը փուլ առ փուլ քանդվեց, երբ 2021-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում եղան ադրբեջանական ներթափանցումներ, երբ 2022-ին եղավ լայնամասշտաբ հարված Հայաստանի ուղղությամբ, իսկ 2023-ին Արցախը մեկ հարվածով վերջնականապես անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ ու հայ բնակչությունը զանգվածաբար բռնի տեղահանվեց, մենք տեսանք մի բան՝ «դաշնակցային» բառը չի աշխատում, եթե դրա հետևում չկա իրական կամք, կարողություն և պատասխանատվություն։ Եվ եթե չկա գործողություն, ապա «երաշխիք» ասվածը դառնում է միայն թղթի կտոր ու քարոզչություն։ Սա Հայաստանի համար պարզապես դառը փորձ չէ։ Սա պետական չափում է՝ ով ինչ է անում, երբ իրավիճակը կրիտիկական է։ Երբ մի «դաշնակից» չի կանխում, չի կանգնեցնում, չի պաշտպանում, ապա նա քեզ չի տալիս անվտանգություն։ Նա քեզ տալիս է կախվածություն, իսկ կախվածության ամենավտանգավոր տեսակն այն է, երբ քեզ համոզում են, թե դու պաշտպանված ես, ու դու այդ համոզմունքով ուշացնում ես սեփական պաշտպանությունը։ Հայաստանի համար եզրակացությունը հետևյալն է՝ մեր անվտանգությունը չի կարող հիմնվել մեկ կենտրոնի «բարի կամքի» վրա։ Այն պետք է հիմնվի մեր պետության սուբյեկտայնության վրա՝ սեփական սահմանների լիարժեք վերահսկողություն, սեփական օդային տարածքի վերահսկողություն, սեփական պաշտպանական կարողությունների աճ, և գործընկերային համակարգ, որտեղ ոչ մեկին չենք տալիս մենաշնորհ Հայաստանի անվտանգության նկատմամբ, որովհետև անկախությունը խոսք չէ․ անկախությունը գործունակ համակարգ է, և այդ համակարգը կառուցվում է միայն մեկ տրամաբանությամբ՝ Հայաստանը պետություն է, ոչ թե ազդեցության գոտի»։