«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ֆիդանի կարևոր բացահայտումները. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հարցազրույցը TRT HABER հեռուստաընկերությանը ուշագրավ է ոչ այնքան հնչեցված ձևակերպումների նորությամբ, որքան դրանց բացահայտ և չքողարկված բնույթով։ Ֆիդանն, ըստ էության, հրապարակայնացնում է այն, ինչ մինչ այս գործում էր վերլուծաբանների հարթությունում․ Հարավային Կովկասում ձևավորվում է ոչ թե համապարփակ և հավասարակշռված խաղաղության համակարգ, այլ ուժային համաձայնությունների հիերարխիկ կառուցվածք, որտեղ դերերի բաշխումն արդեն իսկ կանխորոշված է։ Ֆիդանի այն պնդումը, թե Միացյալ Նահանգները «կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար», դիվանագիտական լեզվով սուբյեկտ-օբյեկտ հարաբերության հստակ արձանագրում է։ Այս համատեքստում խաղաղության խրախուսումը հավասար միջնորդություն չէ, այլ պարտադրված օրակարգ՝ ուղղված պարտվող կողմին։ Միաժամանակ, Ադրբեջանի «կարևորումը» վկայում է, որ Վաշինգթոնը նրան դիտարկում է որպես տարածաշրջանային առանցքային դերակատար, որի հետ ձևավորվում են ռազմավարական պայմանավորվածություններ։ Այս մոտեցումը հատկապես խոսուն է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացների լույսի ներքո։ Ֆիդանի հայտարարություններից հետևում է, որ այդ օրակարգը ներկայացվում է ոչ թե որպես Հայաստան–ԱՄՆ փոխգործակցության արդյունք, այլ որպես ԱՄՆ–Ադրբեջան քաղաքական գործարք, որտեղ Հայաստանին վերապահված է ոչ թե բանակցողի, այլ կատարողի դեր։ Ավելին, Թուրքիան այդ գործընթացում հանդես է գալիս ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ներգրավված և շահագրգիռ կողմ։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆիդանի այն միտքը, ըստ որի՝ Թուրքիայի տարածաշրջանային նպատակները համընկնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական նպատակների հետ՝ Ռուսաստանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Սիրիայում և այլ ուղղություններով։ Սա բաց տեքստով հայտարարություն է այն մասին, որ Անկարան իրեն ընկալում է որպես արևմտյան, առաջին հերթին՝ ամերիկյան շահերի գործառնական օպերատոր տարածաշրջանում։ Այլ կերպ ասած, Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում չի ձևավորում սեփական անմիջական անվտանգության համակարգ, այլ ապավինում է Թուրքիայի և Ադրբեջանի արդեն գոյություն ունեցող քաղաքական, ռազմական և լոգիստիկ ռեսուրսներին։ Սա «բաց քարտերով խաղի» փուլի սկիզբ է։ Թուրքիան այլևս չի թաքցնում, որ տարածաշրջանում գործում է որպես Արևմուտքի գործընկեր՝ օգտագործելով Ադրբեջանի ռազմական և էներգետիկ ներուժը՝ Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու և սեփական (և արևմտյան) շահերն առաջ մղելու համար։ Հայաստանի համար սա նշանակում է, որ առկա «խաղաղության պատուհանը» բացվում է ոչ հավասարակշռված բանակցությունների, այլ քաղաքական ճնշման պայմաններում։ Այս տրամաբանության մեջ առավել մտահոգիչ է այն հետևությունը, որը բխում է Ռուսաստանի անվտանգային համակարգից Հայաստանի հրաժարվելու քաղաքականությունից։ Ֆիդանի խոսքը հստակ ցույց է տալիս, որ այդ հրաժարումը չի հանգեցնում Հայաստանի ինտեգրմանը արևմտյան անվտանգության ճարտարապետության մեջ։ Ընդհակառակը, այն բացում է ճանապարհ Հայաստանի ներառման համար թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո գործող, արևմտյան շահերին սպասարկող մոդելի մեջ, որտեղ ինքնիշխանության աստիճանը նվազագույն է, իսկ քաղաքական ընտրության հնարավորությունները՝ խիստ սահմանափակ։ Այդ համատեքստում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես ռազմավարական շահերի ճարտարապետ, Թուրքիան՝ որպես գործառնական օպերատոր, Ադրբեջանը՝ որպես առաջնային գործընկեր, իսկ Հայաստանը՝ որպես ճնշման ենթակա օբյեկտ, որից պահանջվում է «խաղաղություն»՝ առանց համարժեք անվտանգության, սուբյեկտության և երկարաժամկետ երաշխիքների։ Այս պայմաններում «խաղաղության օրակարգը» վերածվում է մի մոդելի, որտեղ ուժային բալանսի բացակայությունը փոխհատուցվում է քաղաքական պարտադրանքով։ Ֆիդանի խոսքը պարզապես արձանագրում է այդ իրողությունը՝ առանց դիվանագիտական քողարկման»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
