Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.

«Մեր հաղթանակները դեռ առջևում են․ համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ»․ Աշոտ Մինասյան

66
Այսօր, 13:00
«Մեր հաղթանակները դեռ առջևում են․ համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ»․ Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ուղերձը՝ կալանավայրից․ «Ուղերձս հղում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր կհասկանան-չհասկացողներին՝ Աստված պահապան.
Համաձայն ստատիստիկ հաշվարկների, երբ համեմատում ես ազատության մեջ գտնվող և կալանավայրերում գտնվող մարդկանց, ապա տեսանելի է դառնում մի տխուր պատկեր, որ կարող է լինել միայն այսօրվա Հայաստանում։
Պարզվում է, որ հայրենասեր, պատվախնդիր, արժանապատիվ, ազնվազարմ մարդկանց քանակն բանտերում ու կալանավայրերում ավելի շատ են քան ազատության մեջ գտնվողներինը-ըստ քանակների.
Իմ լավ բարեկամ Աղվան Վարդանյանն ինձ էր ուղարկել Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Գեներալն իր լաբիրինթում» գիրքը։ Երբ ընթերցեցի, ցավ ապրեցի զուգահեռներ անցկացնելով երեկվա Ամերիկայի ու այսօրվա Հայաստանի միջև։
Ինչպե՞ս կարողացաք մեզ՝ ազատագրողներիս, քաղաքական ու ռազմական դավադրությունների թիրախ դարձնել։
Ինչպե՞ս կարողացաք մի ամբողջ ազատարար, արժանապատիվ սերնդի կերտած երազանքը՝ կայացած երկու պետությունները, փոշիացնել։
Ինչպե՞ս կարողացաք ավիրել պաշտպանության բանակը և պաշտպանության նախարարությունը։ Սփյուռքի նախարարությունը, մշակույթի նախարարությունը, գյուղ. նախարարությունը։ Չէ որ մեր պետության հիմքերն էին այդ նախարարությունները։ Ինձ և մնացած բոլոր հրամանատարներին դատում եք որ ձեր կամակատարը չդարձանք, դատում եք որպես մարդասպաննե՞ր. «Ջայնամ» ինչպես կասեր մեր զինակից լուսահոգի ընկեր Սեյրան Սարոյանը։
Բա ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանին ինչո՞ւ եք դատում։ Բա բարերարին դատո՞ւմ են, բա չեք կարդացել մեծն Սահյանին, որ ասում է․ «Խղճիդ հետ զրույց արա ամեն օր քնելուց առաջ»։ Կարողա՞ Տաշիր պիցցայում պիցայի հետ ձեր խիղճն էլ եք կերել։ Բա վաղը ո՞նց եք նայելու ձեր երեխաների աչքերին, մեր և ձեր ժողովրդի աչքերին, բա էսքանը ո՞նց եք մարսելու տղերք։ Մեղք մի գործեք տղերք, մեղք մի գործեք Աստված տեսնում է։ Հետո որքան էլ ապաշխարեք՝ Աստված չի ներելու։
Դուք չեք կարողանալու մեզ կոտրել բանտելով։ Դուք մեզ օգնում եք և տրամադրում, որ մենք էլ ավելի կամային դառնանք ու ավելի վճռական մտնենք պայքարի։
Կալանավայրերը մարդկանց կամային որակները բացահայտելու համար են։ Իսկ մենք կոտրվող տեսակ չենք։ Պայքարը, ազատությունը և հաղթանակը նախ ձևավորվում է մարդու ուղեղում, այնուհետև դառնում իրագործելի և դառնում հաղթանակ։
Մեր և ձեր տարբերությունը կայանում է մի բանում, որ մենք ավելի շատ ենք սիրում մեր հայրենիքը քան մեր անձը։
Իմ զինակից ընկերներ, իմ տխուր, իմ ուրախ և հաղթանակած օրերի պատվելի ընկերներ, ում հետ ճանապարհ եմ անցել, ում հետ կերտել ենք հաղթանակներն Արցախյան, ում մեջ չի մեռել հավատն առ Աստված, առ Հայաստան, առ Արցախ, առ լույսը վաղվա օրվա։ Ինչպես կասեր սպարապետ Վազգեն Սարգսյանը. թշնամին նույն թշնամին, թուրքը նույն թուրքը, մենք էլ՝ մենք։ Բայց մենք ունենք առավելություն, որովհետև մեզ միացել են մեր երեխաները, մեր երիտասարդ սերունդը։
Ցավոք արտաքին թուրքին միացել են նաև մեր ներքին դավաճան թուրքերը։
Մի՜ երկնչեք, մի վհատվեք, մի թուլացեք։
Մեր այսօրվա վիճակի համար պատասխանատուն մենք ենք։ Մեր հաղթանակները դեռ առջևում են։ Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, ընդդիմադիր դաշտում գտնվող մեր պատգամավորների հետ միասին մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից և ստեղծենք արժանապատիվ հայրենիք։
Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում։ Աշխարհի բոլոր պատերազմները հայրենիք ունենալու և տեսակը պահելու համար են, և կայանում են այն ազգերը ովքեր հայրենիք են կերտում։ Մեր ընկերներ Մոնթեն, Նորիկը, Դուշմանը, Սև հովազը, Մերուժը, Վուրգը... իմ եղբայրներ՝ Կարենը, Աղվանը, մեր որդիներ Ադամը, Քյարամը, Տարոնը, Արտակը, Սահակը, Կյաժը... երկնքից մեզ են նայում ու հավատքով սպասում մեր երկրի, մեր Արցախի ազատագրմանը. մեր հաղթանակին:
Իմ խոնարվումը ձեզ պատվելի Սրբազաններ, որ փակված եք կալանավայրերում, մի նոր «Խոր Վիրապում», որ «Բանտ վիրապներ» են կոչվում։ Սակայն որքան էլ ձեզ բանտեն, միևնույնն է ձեզնից լույս է ճառագում և այդ լույսը տարածվելու է ամբողջ աշխարհում, որտեղ գեթ մեկ հայ կա ու լուսավորելու է նրանց սրտերը։
Ես հույսով ու հավատով սպասում եմ այն օրվան, որ շուտով դուրս կգաք «բանտ վիրապից» ու լույսով կլցնեք բոլորիս սրտերը։
Շնորհավոր բոլորիս Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։ Թող Նոր Տարին և Սուրբ Ծնունդն ավետաբեր դառնան իմ ազգին, իմ բոլոր կալանավոր ընկերներին, ովքեր գտնվում Հայաստանի և ադրբեջանի բանտերում։
Ռևանշ լինելու է։ Աստված առաջ։

Աղբյուրը`   Աշոտ Մինասյան