«Նիկոլ Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը». Սուրեն Սուրենյանց
201
Երկուշաբթի, 10 նոյեմբերի, 2025 թ., 20:06
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. վերջին արար Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։ Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։ Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։ Այժմ նույն մեխանիզմը օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով։ Լիցենզիայի դադարեցումը՝ առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի, նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ Դա համարժեք է բռնազավթման՝ փոխհատուցման քողի տակ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։ Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը: ՀԷՑ-ի արժեքը գնահատվում է հարյուրավոր միլիոնավոր դոլարներով։ Եթե պետությունը որոշի այն վերահսկել կամ «վերագնահատել», ֆինանսական բեռը անխուսափելիորեն կընկնի բյուջեի վրա՝ առաջացնելով նոր պարտավորություններ և սակագնային ճնշումներ։ Արդյունքում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դառնում է գրեթե անխուսափելի։ Այս արկածախնդրությունը բերելու է նաև արտաքին ռիսկեր: ՀԷՑ-ի սեփականատերը օտարերկրյա ներդրող է, և այս միջամտությունը գրեթե անպայմանորեն կհանգեցնի միջազգային արբիտրաժային գործընթացի։ Նման վեճը ոչ միայն վնաս կհասցնի Հայաստանի ներդրումային հեղինակությանը, այլև կխաթարի վստահությունը մեր տնտեսության նկատմամբ։ Գործող իշխանությունը փաստացի պետությունը դարձրել է սեփականության վերաբաշխման գործիք։ Այն, ինչ ներկայացվում է որպես «հանրային շահի պաշտպանություն», իրականում վերածվում է քաղաքական հաշվեհարդարի՝ տնտեսական պատրվակով»;