«Այդպես էլ հուլիսի 5-ը չընկալեցինք որպես տոն»․ Նորիկ Նորիկյան
148
Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ., 16:42
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր սահմանադրության օրն է, պետական տոն, որ նշվում է 1995 թվականից: Այս տարիների ընթացքում մեր երկրի սահմանադրությունը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ 2005 և 2015 թվականներին: Այս տարիների ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց մեր երկիրը դարձնել սահմանադրական, և մեր երկրում հաստատել սահմանադրական գերակայություն: Հակառակը՝ հնարավորի սահմաններում մեզանից յուրաքանչյուրն անարգեց, անպատվեց, արհամարհեց, անտեսեց ու արժեզրկեց մեր երկրի մայր օրենքը… Մենք այդպես էլ հուլիսի 5-ը չընդունեցինք ու չընկալեցինք որպես տոն ու երբեք այն չդարձրեցինք համաժողովրդական, անլուրջ մոտեցում ցուցաբերեցինք սահմանադրության հանդեպ և չգործադրեցինք անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ սահմանադրության նորմերն անմիջականորեն գործելը կյանքի նորմ դարձնելու համար: Անցած տարիների ընթացքում սահմանադրության բազմաթիվ նորմեր այդպես էլ չկիրառվեցին, կամ կիրառվեցին կամայականորեն, մեկնաբանվեցին՝ ըստ հայեցողության ու քաղաքական իրադրության, հատվածական շահերի տեսանկյունից: Մենք ապացուցեինք, որ անլուրջ մոտեցում ունենք սահմանադրության՝ որպես մեր հասարակական հարաբերությունները կարգավորող ամենակարևորագույն գործիքի հանդեպ և հեռու ենք սահմանադրական հասարակություն դառնալու ճանապարհից… Կյանքն ապացուցեց, որ գործող սահմանադրությունն էլ չդիմացավ փորձությանը և ապացուցեց իր անկենսունակությունը: Ես խորապես համոզված եմ՝ քանի դեռ հասարակությունը չի հարգել իր օրենքը, իր երկրի օրենքը, ինքը չի դարձել սահմանադրական և իր ցուցաբերած կամքով երկրում չի հաստատել սահմանադրականություն, սահմանադրությունը մնալու է որպես թղթի վրա գրված սիրուն փաստաթուղթ, ընդամենը…»։ Բայց դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է որակապես նոր սահմանադրություն, որը կլինի իսկապես լեգետիմ մայր օրենք: Շնորհավո՛ր սահմանադրության օրը»։