Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 30 մարտի, 2025 թ.

«Ափռ-ցփռ խոսում են՝ չհասկանալով, որ մարդկանց են զրպարտում». Լևոն Բարսեղյան

113
Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 12:24
«Ափռ-ցփռ խոսում են՝ չհասկանալով, որ մարդկանց են զրպարտում». Լևոն Բարսեղյան

Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանի գրառումը. «Կասկածող է ման գալիս))
Անգլիացի գիտնականները երկու վարկած են առաջ քաշում այս կապակցությամբ:
1. ՔՊ անդամների մի մասը, նույնիսկ՝ ԱԺ նախագահ, պատգամավոր, ավագանու անդամության թեկնածու..., քաղաքական խոսք ասել չեն սովորել, 7 տարում չսովորեցին, ափռ-ցփռ խոսում են, չհասկանալով, որ մարդկանց են զրպարտում ու անպատվում, ու դա թանկ է նստելու վրեքը, շարունակ թանկ է նստում: Իսկ մյուս մասը զուսպ է, խոսելուց առաջ երկար է մտածում, անվանական է խոսում, հասցեական, չի զրպարտում, պատասխանատու է ասածների համար, սխալվելիս էլ ներողություն է խնդրում:
2. Մյուս վարկածն այն է, որ Գերաշնորհ և Վերապատվելի վարչապետի առաջնորդությամբ որոշվել է երկու խումբ կազմել, ու վարվել այնպես, ինչ նկարագրված է վերը («լավ մենթ-վատ մենթ» սխեմայով):
Ինձ ու մեր Եվրադաշինքին անցած օրերի ընթացքում զրպարտել են Նիկոլը Փաշինյան (բոլոր առաջադրվածները (բացի յուրային Սարիկ Մինասյանից) ելել են ապօրինի գույքը փրկելու), ԱԺ պատգամավորներ Սիմոնյան Ալենը, Պալյան Էմման, ՏԿԵ փոխնախարար Հարությունյան Հովհաննեսը, ՔՊ ավագնու անդամության թեկնածու Էմմա Բարսեղյանը: Ցանկը կարող է շարունակվել: Էս զրպարտչական հրավառությանը տեղյակ են ՔՊ իրենց գործընկերները, ու ոչ այս մարդիկ, ոչ իրենց ընկերները չհամարձակվեցին ներողություն խնդրել հանրությունից՝ նրանց ապակողմնորոշելու համար: Գուցե կարծում են, թե աշխարհի վերջն է ու կյանքն ավարտվում է մարտի 31-ի կողմերը: Այդպես չի լինում: Նույնատիպ ցինիզմով տառապողները հայտնվեցին իշխանությունից շատ հեռու:
Ես կարող եմ ենթադրել, թե ինչու է ՔՊ այս խմբակի սիրտը լցվել Եվրադաշինքի դիրքից, թե չենք կոալիցվելու ոչ իրենց, ոչ մյուսների հետ, դե իրենց իրենք են հետաքրքրում: Բոլորովին մտքներով չի անցնում, թե տեսնես՝ ինչու, կարող է՞ ձախողել են իրենց առաքելությունը, բազմաթիվ խոստումներ են դրժել, ու դրանից է, որ ես ու մեր դաշինքը չենք կարող իրենց գործընկեր, էն էլ քաղաքական, գործընկեր համարել: Փաշինյանի խոսքից հետո մի պահ թվաց, թե մարդ է՝ միշտ էլ հախուռն է խոսում, վրիպել է: Բայց հետո եւս այդպիսի 4 ելույթից հետո, որ հիշատակեցի վերը, պարզ դարձավ, որ չէ, հատուկ մարտավարություն են ընտրել: Պիտի զրպարտեն ու պահանջեն, որ ապացուցենք, թե սուտ է ... : Ձյուն գա վրագլխներուդ՝ ԱԺ դահլիճում: Է դուք էլ ապացուցեք, որ Քոչարյանի ու Սերժիկի մերձավորներին դիտմամբ չեք մանդատավորել:
Կյանքը մեռելտուն չէ, ես դա վաղուց գիտեմ, մարդիկ փոխվում են, արժեքները փոփոխվում են, հայացքները եւ ահագին բան, էլի է փոխվելու՝ բնական է: Մի բան է, երբ թերակատար դերասանն ու տաքսիստն է զառանցում ու զրպարտում, երբ երկիրը կերածների թուլեքն են կաղկանձում, որովհետեւ 7 տարի պահանջում ենք արդարադատություն իրականացնել դրանց նկատմամբ, այլ բան, երբ հեղափոխությամբ աթոռներ ստացածներն ու արժեքային փոփոխություններ խոստացած եւ խոստումները դրժածներն են զրպարտում: Ներկա-նախկինով լավ էլ յոլա են գնում, բնական չէ՞ որ մեր քննադատությունից նեղվելու են իջնեն էս մակարդակին:
Ես շատ համբերատար եմ: Կանցնի էլի որոշ ժամանակ ու ետ կնայեն, միջները արժանապատվության մնացորդ ունեցողները կարող է հրապարակավ ներողություն խնդրեն, որ հանուն մի թիքա մանդատի կարող էին այսպես նվաստանալ ու նվաստացնել երկիրը: Բայց ինչքան, որ նախորդները ներողություն խնդրեցին, այնքան էլ ալենները կխնդրեն: Այս մարդիկ նման են այն երեխային, որ բաժակը խփում են պատին ու զարմանում, թե էս ընչի կոտրվեց: Հետո նստում հոնգուր-հոնգուր լալիս են. մթոմ բոլորը մեղավոր են, բացի իրենցից:
Մգա.-մենք խաղաղ էինք մեր լեռների պես, լաո»:

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան