Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Մանրամասն կներկայացնեմ 2018-ի ապրիլյան իրադարձությունների` Կարեն Կարապետյանին առնչվող հատվածը». Հենրիխ Դանիելյան

135
Այսօր, 00:06
«Մանրամասն կներկայացնեմ 2018-ի ապրիլյան իրադարձությունների` Կարեն Կարապետյանին առնչվող հատվածը». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում հանգրվանած Արամ Հարությունյանը ևս մեկ ապացույց է այն բանի, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանին աջակցել այն մարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապ ունեն երկրորդ նախագահի հետ։ Դրա վառ ապացույցն են համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ Արամ Հարությունյանը սպասում է Նիկոլ Փաշինյանին Ազատության հրապարակում։
Քաղաքական քննադատությունը կարևոր է քաղաքական կյանքում, բայց միայն այն դեպքում, երբ այն լինում է օբյեկտիվ, հիմնավորված և բովանդակային, այլ ոչ թե հիմնված տաքսիներում լսած խոսակցությունների մակերեսային մակարդակի վրա։
Ձեր պնդումների մեջ այնքան իրականությանը չհամապատասխանող բան կա, որ կարելի էր ամբողջը վերախմբագրել։ Բայց կանդրադառնամ միայն մեկ կետին, որը հաճախ է քննարկվում՝ Կարեն Կարապետյանի դերին։ Դուք ասում եք, թե նրան չեն ենթարկվել ուժայինները, կամ որևէ «ինստրուկցիա» չի եղել, որ ենթարկվեն։ Սա սուտ է։
Քաղաքական իրադարձությունները պետք է դիտարկել փաստերի, ոչ թե շահարկումների ու թյուր տեղեկատվության համատեքստում։ Անհրաժեշտ է նայել իրական փաստերին և չտարվել անբովանդակ քարոզչությամբ։
Ես մանրամասն կներկայացնեմ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների Կարեն Կարապետյանին առնչվող հատվածը, որ բոլորի համար պարզ լինի իրականությունը:
2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակագրությունը
• Ապրիլի 12-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին, ՀՀԿ ԳՄ նիստում ինքը առաջադրելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
• Ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ նիստում Կարեն Կարապետյանը պաշտոնապես առաջադրում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
• Ապրիլի 14-ին, Ծաղկաձորում տեղի ունեցող ՀՀԿ խորհրդի նիստում Կարապետյանը կրկին առաջադրում է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, և կուսակցությունը միաձայն ընդունում է այդ որոշումը։
• Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ ընտրում է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ։
• Ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը որոշում է հրաժարական տալ, նա Կարեն Կարապետյանին հարցնում է, թե արդյոք վերջինս պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը՝ այս իրավիճակում։ Կարապետյանը համաձայնվում է դառնալ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու։
• Այս խոսակցությունը նախապես է եղել, և եթե Կարեն Կարապետյանը կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում էին, որ նրա առաջադրումն անհնարին է, ապա դա կարելի էր բաց տեքստով ասել։ Բայց Կարեն Կարապետյանը չէր հրաժարվում պատասխանատվությունից և հայտարարում էր, որ պատրաստ է առաջադրվել որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու։
• Ապրիլի 24-ին տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը, որին մասնակցում են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Կարեն Կարապետյանը։
• Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, և այդ որոշումը կայացվում է Կարեն Կարապետյանի ներկայությամբ։
• Այդ պահի դրությամբ Կարեն Կարապետյանը միակ անձն էր, ով լիազորված էր բանակցելու Նիկոլ Փաշինյանի հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
• Ապրիլի 25-ին ՀՀԿ խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցում էին և Սերժ Սարգսյանը, և Կարեն Կարապետյանը, կրկին որոշվում է, որ Կարեն Կարապետյանը կմնա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու և պետք է առաջադրվի մայիսի 1-ին։
• Ապրիլի 28-ին ՀՀԿ խմբակցության նիստում, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի ներկայությամբ, Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, նա հրաժարվում է առաջադրվել։
• Մայիսի 1-ին, Սերժ Սարգսյանի հորդորով, ՀՀԿ-ն դեմ է քվեարկում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը
• Ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն քաղաքականապես դեմ էր Նիկոլ Փաշինյանին, այլ նաև այն պատճառով, որ ցանկանում էր քաղաքական այլ ուժերին ժամանակ տալ՝ իրենց թեկնածուն առաջադրելու համար։
• Սակայն այլ քաղաքական ուժերից ոչ ոք այլընտրանքային թեկնածու չի առաջադրում, իսկ պատգամավորների 1/3-ը առաջադրում է Նիկոլ Փաշինյանին։
• Մայիսի 8-ին, քաղաքացիական բախումների սպառնալիքի, քաղաքական ճնշման և զանգվածային ակցիաների արդյունքում, ԱԺ-ում հավաքվել էր 45 ձայն , ՀՀԿ-ն, այլևս չունենալով իշխանություն, որոշում է Նիկոլ Փաշինյանին տալ անհրաժեշտ 10 ձայնը, որպեսզի երկիրը խուսափի քաոսից և բախումից։
Հ.Գ.
Այդ ժամանակահատվածում Կարեն Կարապետյանը հանդիսանում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար և ուներ վերահսկողություն ուժային կառույցների նկատմամբ։ Նա լիազորված էր ցանկացած անձի ազատել պաշտոնից, նշանակել կամ փոխել առանց որևէ խոչընդոտի»։

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան