«Գոնե այս անգամ թույլ մի տվեք իշխանությանը՝ շարունակել բռնապետական գործեալոճը»․ Նաիրի Հոխիկյան
84
Այսօր, 14:06
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիվանագետ և հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ իրականացված քրեական հետապնդման և ընդհանրապես, մարդու ազատ արտահայտման իրավունքները սահմանափակելու հիմքերը դրվեցին դեռևս 2023-ի մարտ ամսին։ Այդ մասին 2023-ին հրապարակային հայտարարություն արեց նաև փաստաբան Արսեն Բաբայանը՝ շեշտելով, որ ԲԴԽ-ի նախաձեռնած գործընթացը ծայրահեղ վտանգավոր է։ Խոսքը այն ժամանակ՝ 2023-ի մարտի 30-ին, ԲԴԽ-ի նախաձեռնած և Քննչական կոմիտեի կողմից ընթացք տրված գործի մասին է, որով իմ դեմ քրեական գործ հարուցվեց նույնատիպ մեղադրանքով, ինչ այսօր արվում է Էդգար Ղազարյանի դեմ։ Ես այն ժամանակ համարձակվել էի չհավատալ դատավորի անկողմնակալությանը և նրան անվանել էի իշխանության պատվեր կատարող։ Նախաքննության ժամանակ իմ նկատմամբ ապօրինի կերպով իրականացվեց ՕՀՄ (գաղտնալսումներ կամ գաղտնի հետապնդում), անձամբ արդարադատության նախարարի կողմից եղան ցուցումներ ու նույնիսկ իմ դեմ մեղադրանքներին լայքեր ֆեյսբուքում՝ չհարգելով մարդու անմեղության կանխավարկածը։ Առաջադրված մեղադրանքին փաստաբանական համայնքից արձագանքեց Արսեն Բաբայանը և նշեց, որ իշխանությունը «փորձարկում է մարդու ազատ արտահայտման, կարծիք ունենալու սահմանադրական իրավունքների սահմանափակման հնարավորությունը: ․․․ Գտնում եմ, որ մենք, փաստաբաններս, պետք է միասնաբար պայքարենք ԲԴԽ-ի կողմից փորձարկվող այս արատավոր հնարավորության ստուգման դեմ և միասնաբար թույլ չտանք, որ որևէ անձ, որևէ պարագայում, ենթարկվի պատժի՝ սեփական համոզմունքներն ունենալու և դրանք արտահայտելու համար: Սա միայն Նաիրի Հոխիկյանի անձնական հարցը չէ, սա ողջ հանրության դեմ իրականացվող նախապես պլանավորած գործողություն է: Եթե ԲԴԽ-ի հիշյալ հաղորդմամբ քննչական մարմնում նախաձեռնվի քրեական վարույթ, ապա ինքս կներկայացնեմ մի քանի հաղորդումներ գործող իշխանության ամենաբարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից նախկինում թույլ տրված նույնաբովանդակ (որոշ դեպքերում ուղիղ վիրավորող) հայտարարությունների առնչությամբ»: Փաստաբանական համայնքից այն ժամանակ իմ կողքին կանգնեցին միայն Փաստաբան Լուսինե Վիրաբյանը, Վրեժ Խաչիկյանը և Արա Զոհրաբյանը, ովքեր մինչև հիմա սկզբունքորեն պայքարում են իրավունքի պաշտպանության համար։ Քաղաքական գործիչներից աջակցություն հայտնեցին պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Ասպրամ Կրպեյանը։ Երիցս ճիշտ էր փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, թե 2023-ից սկսած՝ Նաիրի Հոխիկյանի դեմ փորձարկվում է մարդու ազատ արտահայտման և կարծիք ունենալու սահմանադրական իրավունքի սահմանափակումը։ Գրեթե երկու տարի ընթանում են իմ դեմ դատական նիստերը, որոնց ընթացքում առնվազն երկու դատավորներ ինքնաբացարկ են հայտնել՝ չիմանալով, ինչ անել, իսկ դատական նիստերը չեն կայանում, շարունակ հետաձգվում են հանրային մեղադրող դատախազի կամ տուժող ճանաչված դատավոր Էդգար Հովհաննիսյանի բացակայության պատճառով։ Ի դեպ, այդ քրեական հետապնդման հենց սկզբում դատավոր Էդգար Հովհաննիսյանին տարան ԲԴԽ անդամ։ Իմ կարծիքով, որպես պարգևատրում՝ մարդուն լռեցնելու գործին մասնակցելու համար։ Դատարանն ինքը կրակն է ընկել այս տիպի քրեական գործի ձեռքը, քանի որ ակնհայտ է այդպիսի գործի նպատակը, բայց քանի որ չկա օրինական ապացույց, չգիտեն՝ ինչ անել, բացի այնքան ձգձգելը, մինչև վաղեմության ժամկետը լրանա, և գործը փակեն։ Վստահ եմ, Էդգար Ղազարյանի դեմ ևս նույն գործընթացն է լինելու։ Ինքս կոչ եմ անում մեր հայրենակից փաստաբաններին ու մասնագիտական, ինչու չէ, նաև տարբեր քաղաքական ու հանրային գործիչներին, գոնե այս անգամ հետևողական եղեք ու թույլ մի տվեք, որպեսզի իշխանությունը շարունակի այն հակապետական, ոչ ժողովրդավարական, իրականում բռնապետական գործեալոճը, որը սկսեց իմ՝ Նաիրի Հոխիկյանի դեմ գործերով, շարունակում է Էդգար Ղազարյանի դեմ և Աստված գիտի, թե ուր կհասնի, գուցե նաև ձեզնից յուրաքանչյուրին, եթե հստակ կանխարգելող քայլեր չարվեն։