Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

«Ավետիք Իշխանյանը գնաց, բայց նրա գաղափարներն ու երազանքները մնացին». Վազգեն Մանուկյան

235
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 17:12
«Ավետիք Իշխանյանը գնաց, բայց նրա գաղափարներն ու երազանքները մնացին». Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՑԱՎԱԿՑԱԳԻՐ
Բոլորիս համար մեծ կորուստ էր Ավետիք Իշխանյանի մահը։
Ավետիքը յուրահատուկ մարդ էր։ Նրա համար մեծ պատասխանատվություն էր Մինաս Չերազի, Վահան Չերազի ընտանիքից սերված լինելը։ Նրա համար պատասխանատվություն էր Ռաֆայել Իշխանյանի որդին լինելը, և նա մանկուց իր մեջ կրում էր հայկական երազանքի գաղափարը, որի իրականացման համար պայքարեց մինչև վերջին շունչը։
Նրա կյանքն ամենօրյա պայքար էր արդարության համար, պայքար քաղաքացու իրավունքից մինչև ազգային իրավունքներ։
Կանգնած լինելով Արցախյան շարժման ակունքներում՝ որպես Ղարաբաղ կոմիտեի գաղտնի կազմի անդամ, նա պատասխանատվություն ու առաքելություն էր զգում Արցախի նկատմամբ։ Եվ Արցախի ողբերգական կորուստը նրա համար դարձավ համաշխարհային անարդարության աղաղակ՝ վերածվելով նաև անձնական ողբերգության։
Ավետիք Իշխանյանը գնաց, բայց նրա գաղափարներն ու երազանքները մնացին։ Այդպիսի երազանք ունեցող մարդկանց շնորհիվ է, որ հայ ժողովուրդը նույնիսկ պատմության ամենաբարդ ժամանակահատվածներում կարողացել է դիմակայել ու ստեղծել պետություն։
Եվ մեր ժողովրդի մեջ կան ու կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն նրա պայքարը, ու մի օր Ավետիքի հայկական երազանքն իրականություն կդառնա»:

Աղբյուրը`   Վազգեն Մանուկյան