Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալն իրատեսական է, Ռուսաստանն ամենաթույլ վիճակում է». Արման Բաբաջանյան

180
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 02:12
«Այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալն իրատեսական է, Ռուսաստանն ամենաթույլ վիճակում է». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ Հայաստանի Ազգային ժողովում ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումը կարևոր և ռազմավարական առումով ճիշտ քայլ է։ Պահը կարելի է համարել Հայաստանի համար պատմական հնարավորություն՝ պաշտոնապես ազդարարելու իր եվրոպական ընտրությունը։ Սակայն այս գործընթացի հաջողությունը կախված է մի շարք սկզբունքային հարցերի հստակեցումից և դրանց նկատմամբ պետական ու հանրային միանշանակ դիրքորոշումից։
Ի՞նչ պետք է անել ԵՄ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումից հետո։ Ո՞րն է հաջորդ քայլը։ ԵՄ-ի հետ անդամակցության գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ մշակելուց առաջ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։ Երբեք, երբեք չի կարելի ԵՄ-ի հետ սկսել բանակցել անդամակցության հեռանկարների և ճանապարհների շուրջ՝ միաժամանակ գտնվելով ԵԱՏՄ-ում կամ զուգահեռ վարելով երկու գործընթացները։ Դա մեծագույն արհամարհանք կլինի եվրոպացի գործընկերների նկատմամբ և անարգանք՝ ԵՄ անդամակցության գործընթացի նկատմամբ։ Եթե Հայաստանը լրջորեն պատրաստվում է այս ճանապարհին, ապա պետք է բացահայտ ու հստակ քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ բոլոր կապերը խզելով ԵԱՏՄ-ի հետ և շարունակելով առաջ միայն եվրոպական ուղեգծով։
Այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալը ռազմավարական առումով ավելի իրատեսական է, քանի որ Ռուսաստանն իր նորագույն պատմության ամենաթույլ վիճակում է։ Հայաստանը, օգտվելով այդ հանգամանքից, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք առանցքային քայլեր՝ ամրապնդելու իր սահմանային անվտանգությունը։
Պետք է հիշել, որ ԵՄ անդամակցության ճանապարհն անցել են տարբեր երկրներ, որոնցից յուրաքանչյուրը բախվել է սեփական դժվարություններին։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպիսիք են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Բալթյան պետությունները, կարողացան արագորեն ինտեգրվել ԵՄ-ին, քանի որ ոչ միայն խզեցին իրենց կապերը նախկին խորհրդային տիրույթի կառույցների հետ, այլև իրականացրեցին խորը ժողովրդավարական, տնտեսական և կառավարման բարեփոխումներ։ Բալկանյան երկրները, հատկապես Սերբիան և Մոնտենեգրոն, մինչ օրս շարունակաբար իրականացնում են այս բարեփոխումները, որպեսզի համապատասխանեն ԵՄ պահանջներին։
Հայաստանը, ելնելով իր աշխարհաքաղաքական դիրքից, պետք է որդեգրի խիստ նպատակային և առանց կասկածների ռազմավարություն։ Պետք է գիտակցել, որ ԵՄ անդամակցության բանակցությունները երկարատև և բարդ գործընթաց են, որը պահանջում է քաղաքական կամք, տնտեսական ճկունություն և ինստիտուցիոնալ ամրություն։ Սակայն այս գործընթացը չի կարող և չպետք է իրականացվի կիսատ-պռատ ձևով։ Անդամակցության ճանապարհին վճռական առաջին քայլը ԵԱՏՄ-ից դուրս գալն է, ինչը Հայաստանի համար թույլ կտա վերակառուցել իր տնտեսական քաղաքականությունը և վերջնականապես ամրագրել իր տեղը եվրոպական ընտանիքում։
Հայաստանն այլևս չի կարող շարունակել վարել անկազմակերպ արտաքին քաղաքականություն։ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումը պետք է չմնա պարզապես խորհրդարանական օրակարգի մի մաս, այլ հստակ և անշրջելի քաղաքական որոշում՝ պետական ռազմավարության մակարդակով։ Հայաստանը պետք է վերջնականապես ազատվի ռուսական ազդեցությունից և կեղծ կաշկանդվածություններից։ Այս գործընթացը պահանջում է ոչ միայն հստակ քաղաքականություն, այլև արդյունավետ դիվանագիտություն և ներհասարակական լայն համախմբում։ Հայաստանում այլևս տեղ չունի երկիմաստ քաղաքականությունը, որը հանգեցնում է ինքնախաբեության։ ԵՄ անդամակցությունը ոչ թե պարզապես աշխարհաքաղաքական ընտրություն է, այլ կենսական անհրաժեշտություն՝ ապահովելու երկրի անվտանգությունն ու տնտեսական կայունությունը»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան