Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.

«Արդեն մեկ շաբաթ է՝ Հայաստանի թիվ մեկ հարկատուն չի աշխատում»․ Հակոբ Բադալյան

131
Այսօր, 11:18
«Արդեն մեկ շաբաթ է՝ Հայաստանի թիվ մեկ հարկատուն չի աշխատում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Փաստորեն արդեն մեկ շաբաթ է, ինչ չի աշխատում Հայաստանի թիվ մեկ հարկատուն, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունը՝ Զանգեզուրի կոմբինատը: Բացի տնտեսության համար իր մասշտաբի կարևորությանը, նորություն չէ, թե ինչ նշանակություն ունի կոմբինատը Սյունիքի համար: Ու այդ կոմբինատը չի աշխատում արդեն մեկ շաբաթ:

Հայտնի է, որ աշխատակիցների մի մասը հայտարարել է գործադուլ և պահանջում է աշխատավարձի բարձրացում, կարծես թե ունեն նաև աշխատանքային պայմանների վերաբերյալ պահանջներ: Դատելով մամուլի տեղեկություններից, անարդյունավետ է եղել տնօրինության հետ մի քանի բանակցություն և կողմերը չեն եկել համաձայնության:

Կան տարբեր տեղեկություններ ու խոսակցություններ, որ աշխատակիցների դժգոհությունը փորձում են օգտագործել տարբեր այլ ուժեր, ավելի լուրջ և քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական նպատակներ առաջ մղելու համար:

Չգիտեմ, հնարավոր է ամեն ինչ: Առավել ևս, որ Սյունիքը եղել է, և առավել ևս հիմա ակնհայտորեն՝ աշխարհաքաղաքականություն է, իր «ուղն ու ծուծով»:

Բայց, բոլոր դեպքերում, լուծումների միակ ճանապարհը, ըստ իս, ինչպես անդրադարձա դեռ գործադուլի առաջին օրը, պետական «միջնորդությամբ» փոխհամաձայնության եզրեր գտնելն է: Առավել ևս, որ պետությունը կոմբինատի 21 տոկոսի բաժնետեր է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ որպես ձեռքբերում էր ներկայացնում այն, որ պետությունն առաջին անգամ կոմբինատից ստացել է բաժնետիրական դիվիդենտ: Իսկ խնդիրն այսօր պետական է՝ երբ պարապուրդի է մատնվում պետության արդյունաբերական հսկան, թիվ մեկ հարկատուն, և գլխավորը՝ Սյունիքի համար ողնաշարային նշանակություն ունեցող ձեռնարկությունը:

Այդպիսի ընկերության շուրջ այդօրինակ զարգացումն ու պարապուրդը Սյունիքին, Հայաստաննին վնասում է ոչ միայն տնտեսապես, սոցիալ-հոգեբանական առումով, այլ նաև ներդրումային վարկի, որն առանց այդ էլ մի բարվոք մակարդակում չէ:

Թե ով կարող է գոհ լինել առկա իրավիճակից աներկբա, թերևս կարիք էլ չկա ներկայացնելու: Ադրբեջանը ըստ էության արդեն իսկ խաթարել է Հայաստանի խոշորագույն մեկ այլ ձեռնարկության՝ Սոթքի հանքի աշխատանքը, արդեն կարծես թե ամիսներ շարունակ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան