Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

«Ե՞րբ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել«ամենամոտը»». Հակոբ Բադալյան

65
Այսօր, 04:06
«Ե՞րբ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել«ամենամոտը»». Հակոբ Բադալյան

Քաղաքակեն մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերստին աշխուժացած թեմայի առնչությամբ.
Ե՞րբ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել այսպես ասած՝ ամենամոտը, 1997-98 թվականներին, թե՞ օրինակ 2001-ին՝ Քի Վեստում, կամ՝ 2011-ին՝ Կազանում:
Ո՞րն է այն ստույգ չափիչը, որով մենք կարող ենք գնահատել «ամենամոտը», բացի իհարկե այդ շրջափուլերի վերաբերյալ տվյալ ժամանակի նախագահների եւ նրանց թիմերի ու համակիրների հավաստիացումից:
Օրինակ, Քի Վեստի առնչությամբ եղել է մի դրվագ: Ամերիկյան կողմը հանդիպումներից առաջ հայտարարել էր, որ, եթե լինի էական համաձայնություն, ապա նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հետ հանդիպումներ կունենա Ջորջ Բուշը կրտսերը, որն այն ժամանակ արդեն ստանձնել էր ԱՄՆ նախագահի պաշտոնը: Եվ նա ունեցավ այդ հանդիպումները, ինչը թերեւս նշանակում էր, որ ձեռք է բերվել էական համաձայնություն:
Հետո իհարկե գիտենք, որ վերադառնալով Բաքու, Ալիեւը հայտարարել էր, որ չի կարողացել նույնիսկ իր ընտանիքի անդամներին համոզել Քի Վեստում համաձայնության ընդունման հարցում:
Գիտենք, որ Սերժ Սարգսյանն էլ հայտարարում էր՝ Կազան էին մեկնում ստորագրելու, այն բանից հետո, երբ արդեն համաձայնեցված էր ստորագրվելիքը, բայց վերջին պահին Ադրբեջանի նախագահը առաջ է քաշել մոտ տասը լրացուցիչ պայման: Ավելին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Կազան մեկնելուց առաջ իր հետ խոսել են Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ նախագահը, եւ ինքը ասել է նրանց, որ չի հավատում, թե Ալիեւը ստորագրելու է փաստաթուղթը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները հավաստիացնում են, որ 1997-98-ին հայր Ալիեւը համաձայն էր, թեեւ, օրինակ 2020 թվականից հետո Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի ընթացքում պատասխանելով ուղիղ հարցին, թե արդյո՞ք այն ժամանակ Բաքուն համաձայն էր, առաջին նախագահը տվեց պատասխանատու գործչին բնորոշ պատասխան, չասելով, թե Բաքուն համաձայն էր, այլ նշելով, որ «համենայն դեպս այն ժամանակ ավելի պատրաստ էր համաձայնելու», քան հետո:
Բայց, դարձյալ, իսկ ո՞րն է չափիչը: Չէ՞ որ Քի Վեստում էլ համաձայնել էր, իսկ հետո՝ Բաքու վերադառնալով, հրաժարվել:
Ես սովորաբար ձեռնպահ եմ մնում որեւէ ինսայդ տեղեկատվության հղում անել, որովհետեւ վերջին հաշվով ընթերցողը կամ ունկընդիրը իր հերթին չունի իմ այդ հղումը չափելու հնարավորություն, բայց այս դեպքում կասեմ, որ մասնավոր զրույցներում անգամ այդ շրջանում անմիջականորեն բանակցային «առաջնագծում» եղած անձինք նշում են, որ գործնականում Ադրբեջանի 1997-98-ին երբեք չի տվել որեւէ վերջնական համաձայնություն:
Տակտիկական այո-ներ, իհարկե եղել են, եւ հատկապես այդ շրջանում, որովհետեւ այդ «այո»-ները պետք էին նաեւ նավթագազային պայմանագրեր կորզելու համար, այդ թվում՝ պայմանագրեր առաջարկողներին, որովհետեւ առնվազն տեղեկատվա-քարոզչական միջավայրի համար նրանց էլ պետք էր Ադրբեջանի կառուցողականությունը, որպեսզի Բաքվի հետ իրենց պայմանագրերը լինեին գոնե հրապարակային մակարդակում՝ «լեգիտիմ»:
Բայց, վերստին կրկնեմ, չկա որեւէ հաստատող փաստ, որ Բաքուն պատրաստ է եղել ստորագրելու որեւէ «լուծում», բայց Երեւանում ինչ որ երկու-երեք պաշտոնյա «հեղաշրջում» են իրականացրել եւ խափանել են այդ «լուծումը»:
Զուտ հանրային հայտարարությունների տիրույթում ամեն մի թիմ կարող է ասել իրենը, որովհետեւ, հասկանալի է, նրանք քաղաքականության սուբյեկտ են, քաղաքականության ցանկացած մեղսունակ սուբյեկտ բնականաբար այս կամ այն չափով ու ոճով, բայց մտածում է նաեւ իր PR-ի, իր համար հանրային բարենպաստ կարծիք ձեւավորելու անհրաժեշտության, իր մրցակիցների հանդեպ առավելության մասին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան