Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

«Բաց նամակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին». Հայկ Նահապետյան

93
Երեկ, 21:12
«Բաց նամակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին». Հայկ Նահապետյան

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաց նամակ՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ձեր առաջնորդությամբ Ռուսաստանի տարեցտարի հզորացումը, ԱՄՆ և իր դաշնակիցների համաշխարհային գաղութատիրության դեմ Ռուսաստանի մղած ազգային-ազատագրական պայքարը, որի ռազմական փուլի մեկնարկը տրվեց Ուկրաինայում 2022թ․ փետրվարի 24-ին սկսված հատուկ ռազմական օպերացիայով, աշխարհի այլ ժողովուրդների համար ևս ազատագրվելու, իրենց ինքնիշխանությունը վերականգնելու մեծ հնարավորություններ է ստեղծում։
Հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ, այսօր, այլ ժողովուրդների հետ կողք կողքի, մասնակցում են Ուկրաինայի նացիստական ռեժիմի դեմ մղվող Ռուսաստանի պայքարին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ևս հայ ժողովրդի հարյուր-հազարավոր որդիներ մասնակցել են Բրեստի, Կերչի, Ղրիմի, Կիևի, Մոսկվայի, Լենինգրադի, Կովկասի և Ստալինգրադի համար մղվող մարտերին, ազատագրել Բալթյան երկրները, Ուկրաինան, Լեհաստանը և Մոլդովան նացիստական օկուպացիայից։ Նրանք կռվել են Դնեպրում, Ստալինգրադում, Կուրսկի ճակատամարտում և Բելառուսում։
Համոզված ենք, որ անկախ պետություններից բաղկացած նախկին ԽՍՀՄ տարածքը անվտանգության, կայունության, ժողովուրդների ինքնության պաշտպանության առումով այսօր էլ շարունակում է մնալ մեկ ընդհանուր անվտանգային միջավայր, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, և յուրաքանչյուրի կայունությունն ու անվտանգությունը բխում է մյուսների շահերից։
Այդ առումով ՆԱՏՕ-ի ներկայությունը հետխորհրդային տարածքի որևէ մասում շղթայական ձևով բացասաբար ազդում է մյուսների վրա՝ սպառնալով նրանց անվտանգությանն ու կայունությանը։ Հենց այդ նույն տեսանկյունից ենք դիտարկում նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման շուրջ։
Տարիներ շարունակ Ռուսաստանը ջանքեր էր գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար, իսկ 2020թ․ ղարաբաղյան պատերազմից հետո՝ 2020թ․ նոյեմբերի 9/10 հայտարարության, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռքբերված այլ պայմանավորվածությունների միջոցով։
Ակնհայտ իրողություն է, որ հավաքական Արևմուտքի միջամտությամբ, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների քողարկված, համակարգված մասնակցությամբ կատարվում են քայլեր, որպեսզի Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն։ Արձանագրում ենք նաև, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն նպաստում Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը, այլև դարձել են տարածաշրջանը ապակայունացնելուն նպաստող ԱՄՆ-ի և իր դաշնակիցների գործիքներ։
Սույն թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարեց, որ հայկական անկախ պետությունը ֆաշիստական պետություն է, և որ այն մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները։ Ալիևը նաև հավելեց, որ Հայաստանի դաշնակիցներն ու հովանավորները գիտեին ու կիսում էին այդ տեսակետները, և որ այդ ֆաշիզմը պետք է ոչնչացվի՝ Հայաստանը համարելով սպառնալիքի աղբյուր տարածաշրջանի համար։
Տարօրինակ է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է որակավորում մի երկրի ղեկավարը, ում օրոք Ադրբեջանում չի տրվել ո՛չ քաղաքական, ո՛չ էլ քրեաիրավական գնահատական 1988-1990 թթ․ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում տեղի ունեցած հայերի մասսայական ջարդերին և ազգային պատկանելության հողի վրա զանգվածային սպանություններին։
Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ 1918 թվականի Ադրբեջանի առաջին հանրապետություն իրավահաջորդը։ Հատկանշական է, որ վերջինիս հիմնադիր համարվող Մամեդ Էմին Ռասուլզադեն Հայրենական մեծ պատերազմի տարիներին ակտիվորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ, հանդիսացել է Վերմախտի ադրբեջանական լեգիոնների կազմավորման գաղափարախոսներից մեկը, միաժամանակ գլխավորել է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը։ Ավելին, Մամեդ Ռասուլզադեն Ադրբեջանում մինչ օրս հերոսացվում է, իսկ նրա ծննդյան օրը պաշտոնապես նշվում է պետական մակարդակով։
Այն նույն ժամանակ, երբ Ռուսաստանը կենաց-մահու կռիվ է մղում Ուկրաինան զավթած նացիստական ռեժիմի դեմ, Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի Հանրապետությունը ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն է իրականացնում Ուկրաինայի նացիստական վարչակազմի հետ։
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, վերոնշյալ փաստերը հիշատակում ենք, որովհետև հետխորհրդային տարածքում էթնիկական ատելության և նացիստական գաղափարախոսության ցանկացած դրսևորում, հատկապես պետական մակարդակով, համարում ենք անընդունելի և դատապարտելի։ Ավելին, գտնում ենք, որ հետխորհրդային տարածքի երկրներն իրենց ներդրումը պետք է ունենան ավելի արդար՝ բազմաբևեռ աշխարհ կառուցելու գործում, և հենց այս համատեքստում էլ դիտարկում ենք հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը տեսնում ենք Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ․ նոյեմբերի 9/10 հայտարարության, ևս երեք եռակողմ հայտարարությունների, երեք երկրների ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կիրարկման միջոցով։
Վստահ ենք, որ միայն Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելությունը, ձեր գլխավորությամբ, թույլ կտա հասնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կայուն և փոխշահավետ կարգավորմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների խաղաղ և անվտանգ ապագայի։
Խորը հարգանքով՝
Հայաստանի հականացիստական ճակատի համակարգողներ
Հայկ Նահապետյան, պահեստազորի գնդապետ, ռազմա-քաղաքական վերլուծաբան
Հայկ Այվազյան, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար
Կարինե Եսայան, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ
Յուրի Խանամիրյան, պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության խորհրդի անդամ»:

Աղբյուրը`   Հայկ Նահապետյան