Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 19 հունվարի, 2025 թ.

«Առաջարկում եմ պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս»․ Ավետիք Չալաբյան

117
Երեկ, 18:18
«Առաջարկում եմ պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս»․ Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ մարդկանցից շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ:
Այստեղից սակայն չի հետևում, որ չենք կարող օգնել ընդհանրապես, և այստեղ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված: Մի քանի առաջարկ ներկայացնեմ ստորև, տեղի ունեցողի պատճառահետևանքային կապերի հստակ գիտակցությամբ՝
պահանջել Հայաստանում գործող վարչախմբից՝ պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս, և առանց դրա այդպիսի պայմանագիր չստորագրել, եթե նույնիսկ արդյունքում դրա ստորագրումը հետաձգվի,
ավելի մեծ հաշվով, որպես կայուն խաղաղության նախապայման, դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և նրա կողմից հրաժարումը այդ իրավունքն իրացնելիս ռազմական հակամարտության մասնակիցների դեմ ցանկացած քրեական հետապնդումից,
հրաժարվել Մինսկի խմբի լուծարման աղետաբեր գաղափարից, քանզի այն անմիջականորեն կապալեգիտիմացնի ողջ արցախյան պայքարը և դուռ կբացի Ադրբեջանի կողմից էլ ավելի լկտի պահանջների առաջ, ներառյալ նաև արցախյան պայքարի մասնակիցների մասսայական արտահանձման,
Սփյուռքի ազդեցիկ կենտրոնների ռեսուրսը կենտրոնացնել պատանդների ազատման խնդրի վրա՝ իրենց բնակության երկրներում լոբբիստական աշխատանքը դրա վրա սևեռելով: Հատուկ շեշտադրել աշխատանքը ՌԴ ղեկավարության հետ, քանի որ Բաքվում պատանդառված հայորդիները գտնվել են նրա խաղաղապահ ուժերի փաստացի պաշտպանության ներքո,
Համաշխարհային հանրային կարծիքը սևեռել Բաքվում տեղի ունեցող դատաստանի վրա՝ ամեն կերպ հեղինակազրկելով այնտեղ իշխող ժառանգական բռնապետական համակարգը:
Եթե այսքանը բավարար չլինի, կարող ենք մտածել ավելի արմատական միջոցների մասին, մեր պատմության մեջ դրա մեծ փորձ կա: Իմ կողմից հանձնառություն եմ հայտնում սեփական առաջարկներին հետևողականորեն հետամուտ լինելու, մինչ այդ իմ զորակցությունն եմ հայտնում մեր ազատագրական պայքարի ծանր բեռը աննահանջ տանող պատանդառված հայրենակիցներին՝ այս անգամ ի դեմս անվեհեր հրամանատար Լևոն Մնացականյանի, որի հետ պատիվ եմ ունեցել համագործակցել այն օրերին, երբ ինքը դեռ ղեկավարում էր Արցախի պաշտպանության բանակը»։

Աղբյուրը`   Ավետիք Չալաբյան