«Ահաբեկիչները կթիրախավորե՞ն Հայաստանը ԴԱԻՇ-ի դեմ գլոբալ կոալիցիային միանալուց հետո»․ Գոռ Աբրահամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահաբեկիչները կթիրախավորե՞ն Հայաստանը՝ «Իսլամական պետության» դեմ գլոբալ կոալիցիային Հայաստանի միանալու դեպքում․․․ Վաշինգթոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային» Հայաստանի միանալու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և ՀՀ արտգործնախարար Միրզոյանի հայտարարություններն ավելի մեծ ուշադրության արժանացան հայաստանյան մեդիասեգմենտում, քան ինքնին այդ կանոնադրության բովանդակությունը։ Ընդ որում՝ զարգացվում է հիմնականում այն նարատիվը, թե նման հանձնառություն ստանձնելով և այդ մասին նման մակարդակով հայտարարելով՝ Երևանը, ըստ էության, Հայաստանի «դռները բացում» է միջազգային ահաբեկիչության, տվյալ դեպքում ծայրահեղական «Իսլամական պետության» առջև և նրանց համար երկիրը դարձնում պոտենցիալ թիրախ։ Նման մեկնաբանությունները, սակայն, որևէ փաստարկված հիմք չունեն՝ երկու պատճառով։ Նախ՝ առաջին անգամը չէ, որ Հայաստանը միանում է միջազգային հակաահաբեկչական արշավի, ընդ որում՝ հենց ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված։ 2001թ․ սեպտեմբերին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության կողմից ԱՄՆ-ում իրականացված մասշտաբային ահաբեկչական գործողություններից հետո Հայաստանը միացավ Վաշինգթոնի նախաձեռնությամբ ստեղծված ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիային՝ առաջին հերթին բացելով իր օդային տարածքը կոալիցիոն ուժերի համար՝ հիմնականում Աֆղանստանում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։ Դրանից ավելի ուշ, հենց հակաահաբեկչական կոալիցիային մասնակցության այդ փորձառության և արդյունքում վստահություն ձեռք բերելու հենքի վրա, Հայաստանը ներգրավվեց նաև Աֆղանստանում, Իրաքում, ինչես նաև այլ տարածաշրջաններում իրականացվող խաղաղապահ առաքելություններին՝ իրեն դրսևորելով որպես հակաահաբեկչական համաշխարհային համայնքի լիիրավ և հավասար մաս։ Այսօր որևէ մեկը ՀՀ այդ ժամանակվա իշխանությունների նման որոշման քաղաքական նպատակահարմարությունը կասկածի տակ չի դնում, չնայած այն ժամանակ էլ քիչ չէին Հայաստանն ահաբեկչության թիրախ դաձնելու նարատիվներ տարածողները կամ ուղղակի անկեղծորեն նման մտավախություններ հայտնողները։ Երևանի այդ որոշմանն էլ որևէ ահաբեկչական ակտ Հայաստանում, բարեբախտաբար, չհետևեց, Սփյուռքի հայկական համայնքներն էլ չթիրախավորվեցին։ Ինչպես այն ժամանակ «Ալ Քաիդայի» և նրան սատարող ծայրահեղական ուժերի դեմ, նույն կերպ արդեն 2014թ․ հետո ԻԼԻՊ-ի կամ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ է նման միջազգային կոալիցիա ձևավորվել, ընդ որում՝ համաշխարհային գրեթե բոլոր ուժեղ խաղացողների մասնակցությամբ։ Որքան էլ հասկանալի է, որ Հայաստանի կողմից այդ գլոբալ կոալիցիային մաս կազմելը ԱՄՆ-ի ցանկության ամրագրում է, դրանից էական մարտահրավերներ Երևանի և մերձավորարևելյան երկրների հայկական համայնքների համար չեն ավելանում, մանավանդ որ ահաբեկչական այդ խմբավորումը ներկայումս էականորեն ճնշված վիճակում է և, առժամանակ թե ընդհանրապես, դադարել է միջազգային էական գործոն հանդիսանալ։ Դրա դեմ գլոբալ կոալիցիային միանալով՝ Հայաստանը, մեծ հաշվով, հակաահաբեկչական արշավում ընդամենը իր համեստ սուբյեկտայնությունն է վերահաստատում՝ գոնե այս պահին մինիմալ ռիսկերի պայմաններով։ Երկրորդ՝ եթե իսլամիստական ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպությունները որոշեն Հայաստանը դարձնել թիրախ, ապա չեն նայելու, թե Երևանը միացա՞ծ է նման միջազգային կոալիցիաների, թե ոչ։ 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի ապահոված և կամակերպած տրանզիտով միջազգային հանրության կողմից արգելված՝ ահաբեկչական ճանաչված խմբավորումների, մասնավորապես «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումների հազարավոր մարտիկներ ադրբեջանական զինված ուժերի կազմում ներգրավվել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացված ռազմական հանցագործություններում։ Եվ դրա համար բացարձակապես խոչընդոտ չեղավ գլոբալ հակաահաբեկչական կոալիցիային Հայաստանի մաս չլինելու փաստը։ Նույն կերպ այդ փաստը չխանգարեց նաև 2014թ․ մարտին, «Իսլամական պետության» ամենաակտիվ ու դաժան գործունեության ժամանակահատվածում, Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա դրա արբանյակ հանդիսացող «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումների հարձակման համար, որում, իհարկե, Թուրքիան ևս անմասն չէր։ Այսինքն՝ ակնհայտ է, որ մեր երկու՝ արևելյան և արևմտյան սահմաները էսկալացիոն իրավիճակներում միշտ էլ պարունակելու են միջազգային ահաբեկչության ներթափանցման ռիսկեր՝ անկախ ամեն ինչից, և դրան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետք է միշտ պատրաստ լինի։ Սակայն այս փուլում հենց նման կոալիցիաներին ակտիվ մասնակցությունը կարող է երաշխիք ստեղծել նման անցանկալի իրողությունների բախվելիս միջազգային հանրության ադեկվատ արձագանքն ստանալու համար։ Մի բան, որ այդպես էլ չհաջողվեց 44-օրյա պատերազմի և դրան անմիջականորեն հաջորդած ժամանակահատվածում»։ Աղբյուրը` Գոռ Աբրահամյան |
«Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը և վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
4218:30«Տարածաշրջանի և ՀՀ-ի անվտանգությունը միայն Հայաստանով և իր մեկ հարևանով չի պայմանավորված»․ Սուրեն Պապիկյան
4918:18Պետդումայում առաջարկել են սոցցանցերից օգտվելու տարիքային սահմանափակում մտցնել
6517:43«Սուրեն Պապիկյանն ասուլիսում բացահայտ ստեց»․ «Փաստինֆո»
6017:36«Ով արդարացնում է Արցախի հանձնումը, կարդարացնի նաև Սյունիքի, Գեղարքունիքի հանձնումը»․ Տիգրան Քոչարյան
5017:30«Այս տարի հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն»․ Սուրեն Պապիկյան
5817:12