Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.

«Մեր նկատմամբ «թղթով դաշնակցի» ազնվության չափը նաև այս արձագանքից է երևում»․ Ստյոպա Սաֆարյան

87
Այսօր, 02:18
«Մեր նկատմամբ «թղթով դաշնակցի» ազնվության չափը նաև այս արձագանքից է երևում»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր նկատմամբ «թղթով դաշնակցի» ազնվության չափը նաև այս արձագանքից է երևում։
Հավանաբար շատերն են հիշում, երբ 2012թ․ Ռուսաստանը բարձրագույն մակարդակով հայտարարում էր, թե Հայաստանը կարող է միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների՝ ԵՄ ու ԵԱՏՄ-ի անդամ։ Պուտինն անգամ հոդված էր գրել, որ հետխորհրդային երկրների, այդ թվում Ուկրաինայի, Հայաստանի եվրասիական ինտեգրումը կօգնի նրանց եվրոպական ինտեգրմանը։ Այս կեղծիքին հավատում էր կամ ձև էր տալիս, թե հավատում է Սերժ Սարգսանը իր «և՛․․․ և՛․․-ի» քաղաքականությամբ, մինչև որ 2013թ․ սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը նրան «համոզեցին» «հանուն անվտանգության» Հայաստանը մտցնել Եվրասիական միություն․․․ Տեր-Պետրոսյանը դեռ տեղի չունեցած փաստը՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համարեց «անշրջելի», իսկ մեզ անվանեց «29-30 ջղաձգվողներ», իսկ Ռոբերտ Քոչարյանը ողջունեց Հայաստանի որոշումը, ուղղակի հորդորելով «ավելի մտածված ու հաշվարկված մտնել»․․․ Այն ժամանակ ԵՄ-ն կոկորդով մեկ գոռում էր, որ միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորներին անդամակցելը հնարավոր չէ։
Հիմա նույն հոդվածը գրած Պուտինի Պեսկովը չկարողանալով ագրեսիվորեն արտահայտվել Հայաստանի որոշման, ավելի ստույգ՝ ԵՄ-ին անդամակցության նախագծի վերաբերյալ Կառավարության դրական եզրակացության կապակցությամբ, արտաթորել է հետևյալը․ «Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր»,- ընդգծել է Պեսկովը։
Ահա, 2013-ին Հայաստանին շանտաժով, համոզելով, վախեցնելով մտցնում էին ԵԱՏՄ ու հավաստիացնում, թե դա չի խանգարի նրա եվրոպական ինտեգրմանը, իսկ 2025-ին հայտարարում են, թե հնարավոր չէ միաժամանակ լինել երկու միություններում։ Մեզ, իհարկե, ախոռում մնալ պետք էլ չէ, հարցը դա չէ, որ ցանկանանք միաժամանակ և այնտեղ լինել, և այնտեղ։ Հարցը ռուսների ազնվությունն է իրենց իսկ «դաշնակիցների» հանդեպ, սեփական խոսքերին տեր լինելը․․․
Ու ափսոս, որ մի լրագրող Պեսկովին չի հիշեցրել, թե ինչ դիրքորոշում է հայտնել պաշտոնական Մոսկվան կամ ի՞նչ հոդված է գրել իր նաչալնիկը 2012 և 2013թթ․ Հայաստանի ու նման այլ երկրների՝ երկու միություններին միաժամանակ անդամակցելու մասին․․․
Հայ ժողովուրդը ստախոսներին թաղի թե՛ հիպոթետիկ, թե՛ գործնական, հա՜․․․»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան