Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք` մեր պետության հիմքերը քայքայելու հաշվին». Արման Թաթոյան

119
Երեկ, 20:00
«ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք` մեր պետության հիմքերը քայքայելու հաշվին». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք՝ իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար՝ մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին:
Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։
Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս. «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300000 ադրբեջանցու «անվտանգության երաշխավորում», այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում երրորդ երկրի զինված ուժերի տեղակայումով։
Ակնհայտ է, որ սա հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիր է, որ նաև բերելու է Հայաստանի ժողովրդագրական վիճակի կործանարար փոփոխության: Ակնհայտ է նաև, որ այդ անձանց թվում Ադրբեջանի իշխանությունը նախատեսել է իր այն հատուկ ծառայությունների գործակալների, հայատյացների բնակեցում, որոնք ապահովեցին Արցախի շրջափակումը՝ «էկոակտիվիստ» ձևանալով: Ընդ որում, ոչ միայն չի խոսում խաղաղությունից, այլ միայն խորացնում է թշնամանքը:
Այս պայմաններում ՀՀ կառավարության ղեկավարն ու նրա հետևից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում են Ադրբեջանի դեմ միջպետական միջազգային գանգատներից հրաժարվելու մասին՝ կոպիտ ոտնահարելով մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերը։ Դա նշանակելու է Ադրբեջանի իշխանությանը նվիրել հնարավորություն մաքրվելու մեր ժողովրդի նկատմամբ իր գործած հանցանքներից ու պարարտ հող ստեղծելու հետագա հանցանքների համար:
Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար՝ հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի։
Խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց կայուն խաղաղություն հնարավոր է միայն երկիրն ուժեղացնելու, մեր ազգային շահերն ու իրավունքները, արժանապատվությունն ապահովելու, դիվանագիտական և միջազգային մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու միջոցով։

Աղբյուրը`   Արման Թաթոյան