Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

Տաքսիների հավաստագրման համար տարեկան վճար է սահմանվելու 44 հազար դրամ, մեքենաները պետք է լինեն 10 տարվա

109
Երեկ, 19:00
Տաքսիների հավաստագրման համար տարեկան վճար է սահմանվելու 44 հազար դրամ, մեքենաները պետք է լինեն 10 տարվա

«Երևանի քաղաքապետարանի կողմից ցանկանում ենք բարձրացնել տաքսի ծառայության որակը, քանի որ այն ուղղված է լինելու թե՛ Երևան քաղաքում զբոսաշրջության զարգացմանը, թե՛ նպաստելու է շատ անձանց, որոնք չեն ցանկանում օգտվել հասարակական տրանսպորտից, օգտվել տաքսի ծառայություններից՝ արդյունքում չշահագործելով իրենց սեփական մեքենաները, ինչը կհանգեցնի քաղաքի բեռնաթափմանը»,- այս մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին ասաց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը:
Առաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևան քաղաքում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար: Այդ չափորոշիչները առաջարկվում են մինիմալ ստանդարտներն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ հաշվի են առնվելու նախորդ տարվա ընթացքում վարչական իրավախախտումներ կատարած լինելու հանգամանքը, մեքենայի շահագործման տարեթիվը, մեքենայի վարորդի՝ բուժզննում կատարած լինելը, ինչպես նաև մեքենան հիբրիդային կամ էլեկտրոնային շարժիչով աշխատելու հանգամանքը:
Ըստ Տարոն Մարգարյանի՝ հավաստագրումը կրում է կամավոր բնույթ, և նշված բնագավառում ծառայություն մատուցող յուրաքանչյուր անձ ինքն իր հայեցողությամբ է որոշելու՝ այս հավաստագրման համար դիմելո՞ւ է, թե՞ չի դիմելու: Հետագայում նաև քննարկման կներկայացվի հավաստագիր ստացած անձանց արտոնություններ տրամադրելու՝ Երևանի քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

Տարոն Մարգարյանը նաև նշեց, որ հավաստագրման համար տարեկան վճար է սահմանվելու 44 հազար դրամ, իսկ մեքենաները պետք է լինեն 10 տարվա:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը նշեց, որ եթե որոշումը մշտապես կամավոր հիմունքների վրա լինի, ապա պետք է բարձր ստանդարտ սահմանել թե՛ մեքենայի տարիքի մասով, որը ցանկալի է՝ լինի էլեկտրական, թե՛ վարորդների բուժզննման, արտաքին տեսքի մասով: Արդյունքում, ըստ ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի, կստացվի, որ քաղաքը ասում է զբոսաշրջիկին, տեղացի օգտվողին, որ այս տաքսիները մշտապես մոնիթորինգի են ենթարկվում, վարորդները վստահելի են և կոնկրետ չափորոշիչների են համապատասխանում:
Նախագիծն ընդունվեց 39 կողմ, 1 դեմ և 13 ձեռնպահ ձայներով: