«Պատճառը, որ սուրբ եռանախագահությունը մերժել է վարչապետ Փաշինյանի բանավեճի հրավերը, մեկն է». Ռուբեն Ռուբինյան
134
Երեկ, 18:00
ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանն արեց պնդում առ այն, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Հետո եղան երեք նախկին նախագահների ճամբարների կոշտ հերքումները, հետո Փաշինյանի բանավեճի հրավերը, հետո մերժումը: Իսկ իրականում պատճառը, որ սուրբ եռանախագահությունը մերժել է վարչապետ Փաշինյանի բանավեճի հրավերն այն է, որ այդ բանավեճին գալով՝ Քոչարյանն ու Սարգսյանը մի կողմից, Տեր-Պետրոսյանը՝ մյուս կողմից, անխուսափելիորեն ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել այն: Օրինակ, Տեր-Պետրոսյանը ստիպված էր լինելու հիմնավորել, որ պնդումը ճիշտ է Քոչարյան-Սարգսյան զույգի մասով: Չէ՞ որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, արդեն դա հիմնավորել է 2012 թվականին, երբ, քննադատելով Քոչարյանի ու Սարգսյանի օրոք որպես բանակցային հիմք ընդունված ու հրապարակված Մադրիդյան սկզբունքները, ասել է. «Սա մի բան է նշանակում՝ երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ այսինքն, ոչ ավել, ոչ պակաս, ինքնավարություն՝ ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Թող չխաբեն ոչ մեկին, ուրիշ բան չկա: Սա է, ուրիշ բան չի նշանակում: Ու սրանով, հիմա ասում են հրաշք է, առաջին անգամ է, էդպես չի, էլի սուտ են խոսում: Առաջին անգամ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք նշված է Լիսաբոնի բանաձևում: Այդքան որ խոսում են, ասում են և այլն, Լիսաբոնի բանաձևը նույնն էր ինչ այս Մադրիդյան սկզբունքները» Ու թեև Լիսաբոնի բանաձևի վրա Տեր-Պետրոսյանը վետո էր դրել(թե ինչու ու ինչ էր սա նշանակում, ևս քննարկման առարկա է), 2012-ին էլ հիմնավորել էր, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, 2016 թվականին արդեն նա ասում էր. «Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին:» Այսինքն, ըստ Տեր-Պետրոսյանի, Մադրիդյան սկզբունքների ներքո 2016 թվականին սեղանին դրված առաջարկն ըստ էության նույնն էր, ինչ 1997 թվականին՝մի քիչ վատը, բայց էությամբ նույնը: Այն Մադրիդյան սկզբունքների որոնք, ըստ նույն Տեր-Պետրոսյանի, Լիսաբոնի վետոյված բանաձևի տրամաբանության կրկնությունն էին ու ենթադրում էին Ղարաբաղ՝ Ադրբեջանի կազմում: Իսկ Քոչարյանն ու Սարգսյանը, իրենց հերթին, պիտի ստիպված լինեին բացատրել թե ինչով էր, ըստ իրենց, 1997 թվականի փուլային տարբերակն այդքան վատը: Նրանք պիտի բացատրություն տային, թե ինչպես Լիսաբոնի տրամաբանությունը արտահայտվեց որպես Մադրիդյան սկզբունքներ: Նաև պիտի հակադարձեին, որ հենց Տեր-Պետրոսյանն է 2016-ին ասել, որ 1997-ին ու 2016-ին սեղանին եղած առաջարկներն, ըստ էության, նույն են եղել, ու, հետևաբար, եթե Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ուրեմն նույնը ենթադրում էր 1997-ի տարբերակը: Ու, ընդհանրապես, պիտի բացատրեին, թե ինչու էր Քոչարյանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 2008 թվականին ասում, որ Տեր-Պետրոսյանի՝ 3 տարով նախագահ դառնալու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս «Երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»: Ինչու՞ էր Սարգսյանը նման բան ասում, եթե հիմա՝ 2024 թվականին իրենք իրենց սուրբ երրորդությամբ ու տարատեսակ առաքյալներով պնդում են, որ մինչև Փաշինյանն ամեն ինչ ճիշտ էր գնում, ու բանակցությունները չեն եղել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին: Բայց իրենք միմյանց մասին ասված այս ամենն արդեն մոռացել են, չեն ուզում հիշել, որովհետև իրենց նպատակը ոչ թե ճշմարտության վերհանումն է ու ապագայի մասին մտորելը, այլ իրենց ֆան-ակումբների ու ավատարների միջոցով միասնաբար Փաշինյանին առանց բովանդակության մեջ մտնելու մեղադրելն ու պիտակելն է՝ առանց տեղում ու անձամբ հակադարձում ստանալու ռիսկի»: