Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք»․ Նիկոլ Փաշինյան

73
Այսօր, 01:54
«Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք»․ Նիկոլ Փաշինյան

«Իմ հայտարարությունը քաղաքական է»,- այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, ըստ որի՝ Անկախության հռչակագիրը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։

«Մենք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով Անկախության հռչակագրում դրել ենք մի տրամաբանություն, որը ենթադրում է երկար և խորը կոնֆլիկտներ մեր միջավայրի հետ։ Իսկ այդ երկար և խորը կոնֆլիկտային տրամաբանությունը մեր միջավայրի հետ հետևյալի մասին է, որ կա՛մ այդ կոնֆլիկտների բերումով ՀՀ-ն գոյություն ունենալ չի կարող, որովհետև պատկերացրեք, մենք ստեղծում ենք նորանկախ պետություն և դնում ենք կոնֆլիկտային տրամաբանություն Ադրբեջանի, Թուրքիայի հետ․․․

Հաջորդ տրամաբանությունը այն է, որ մենք այս միջավայրում այս հարաբերությունը ունենալով, հիմա ո՞նց պետք է մենք դիմանանք այս միջավայրում, այս պայմաններում։ Դրա համար մեզ պետք է սուպեր հովանավոր, ուրիշ տարբերակ չկա։ Եթե մենք չենք կարողանում պայմանավորվել մեր միջավայրի հետ համակեցության և գոյակցության մասին, մեր լինելությունը կարող է ապահովել սուպեր հովանավոր ունենալը, որի բռունցքը ավելի մեծ է, և ինքը, իբր, մեր թիկունքին կանգնում է և ինքն է մեր տեղը այսպես անում բոլորին։ Հիմա այստեղ գալիս է երկրորդ ռիսկը, երկրորդ իրականությունը։ Կա՛մ ինքը այնքան բռունցքը կթափահարի, այն մյուսները կվախենան, կգնան իր հետ կպայմանավորվեն, ոնց անեն, որ ինքը այդ բռունցքը չթափահարի: Եթե շարունակի թափահարել, այդ բռունցքը ինչքան նրանց ուղղությամբ է թափահարվում, այնքան էլ մեր ուղղությամբ է թափահարվում, որովհետև մեզ էլ ասում է՝ տե՛ս, հա, քեզ խելոք չպահես, այս բռունցքս հետ կքաշեմ, ու քեզ հետ տեղի կունենա այն, ինչ որ տեղի կունենա, ինչը և տեղի ունեցավ։ Ընդ որում՝ բռունցքները կարող են լինել մի քանիսը»։

Հարցին՝ արդյո՞ք առաջիկայում կդիմի հանրությանը սահմանադրական փոփոխություններ անելու առաջարկով և Անկախության հռչակագրի հղումը կհանի Սահմանադրությունից, Փաշինյանն ասաց. «Եկեք այդ հարցերը չկապենք իրար հետ, որովհետև մեր ՍԴ-ն արդեն ասել է, որ մեր Անկախության հռչակագիրը դե յուրե իրավական ուժ ունի միայն այդ հատվածով, որոնք Սահմանադրության մեջ բառացի արտահայտված են։ Իմ ասած մասերը Սահմանադրության մեջ ոչ մեկը բառացի արտահայտված չեն»:

Փաշինյանն ընդգծեց, որ Անկախության հռչակագրի մասին իր խոսքը վերաբերվում է մեր ներքին ըմբռնմանը, մեր սոցիալ հոգեբանությանը:

«Հայաստանին նոր Սահմանադրությունը է պետք, և ժողովորդը պետք է իրոք ընդունի այդ Սահմանադրությունը»,- կարծիք հայտնեց վարչապետը։