«Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը»․ Արթուր Սողոմոնյան
263
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 15:36
Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել է ակումբը վաճառելու մտադրության մասին․ «Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելին: Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից՝ վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը՝ հայկական ֆուտբոլի հեղինակությանը: Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ: Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող, լքել են հայկական ֆուտբոլը՝ հայտարարելով անհնարինության մասին աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ: Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում: Ես վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբային փառահեղ պատմությունը, որը վերջին տարիների ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլև լայնորեն հայտնի դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս: Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին ու «Փյունիկի» ակադեմիայի սաներին. ես կշարունակեմ ներդրումները մանկապատանեկան ակադեմիայում, և բոլոր մեր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում: Ես չեմ հեռանում հայկական սպորտից և կշարունակեմ ներդրումներ անել, քանի որ կարծում եմ, որ սպորտի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար: Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացման մեջ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք մեր կողքին են եղել վերջին 7 տարիների ընթացքում, աջակցել ու մեզ հետ միասին ուրախացել են հաղթանակներով: Մենք իսկապես պատմական արդյուքների հասանք ու ես հպարտ եմ, որ եղել եմ մի մասնիկն այս մեծ ու համերաշխ ընտանիքի՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ անունով: Շնորհակալություն»,-ասված է նրա հայտարարության մեջ։