Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

«Օրենքը պետք է պաշտպանել՝ սկսելով երեխայի իրավունքներից»․ Քրիստինա Վարդանյան

32
Այսօր, 12:12
«Օրենքը պետք է պաշտպանել՝ սկսելով երեխայի իրավունքներից»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ սոցիալական ցանցում հրապարակվեց 13-ամյա աղջկա մոր ահազանգը։ Ըստ նրա՝ Երևանի թիվ 38 ավտոբուսում տրանսպորտային վերահսկողության աշխատակիցը երեխային իջեցրել է ավտոբուսից և մենակ թողել անծանոթ կանգառում։
Պատճառը՝ երեխայի տրանսպորտային քարտի վրա գումար չի եղել, թեև, մոր հավաստմամբ, նրա փոխարեն ուղեվարձը վճարել էր հայրը։
Երեկ երեկոյան անձամբ զրուցել եմ երեխայի մոր հետ։ Այսօր պաշտոնապես կդիմեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով պարզաբանել կատարվածի իրավական հիմքերը։
Եվ այստեղ կա մի կարևոր հանգամանք, որի մասին, կարծես, մոռացել են։
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվությունը սկսվում է 16 տարեկանից։ Այսինքն՝ նույնիսկ եթե երեխայի ուղեվարձը վճարված չլիներ, նրան ենթարկել վարչական պատասխանատվության հնարավոր չէր։
Իսկ հիմա մի քանի հարց։
- Ի՞նչ իրավունքով է վերահսկողը պահանջել երեխայի անձնագրի լուսանկարը։
- Ի՞նչ իրավական հիմքով է նրան իջեցրել ավտոբուսից՝ առանց համոզվելու, որ երեխան կարող է անվտանգ շարունակել ճանապարհը։
- Ո՞վ էր պատասխան տալու, եթե անծանոթ վայրում մենակ մնացած 13-ամյա աղջկան որևէ բան պատահեր։
- Եվ վերջապես՝ արդյո՞ք Երևանի տրանսպորտային վերահսկողության աշխատակիցները հստակ հրահանգներ ունեն անչափահասների հետ վարվելու վերաբերյալ։
Ես կողմ եմ հասարակական տրանսպորտում կարգուկանոնին և բայց այն չի կարող հաստատվել երեխայի անվտանգության հաշվին։
ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐ ԴԱՍՎԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՃԱՐԻՑ։
Ակնկալում եմ, որ քաղաքապետարանը կուսումնասիրի միջադեպը, կապահովի ավտոբուսի տեսագրությունների պահպանումը, կպարզի բոլոր հանգամանքները և հանրությանը կներկայացնի հիմնավորված պարզաբանում։
Այս հարցը միայն մեկ երեխայի մասին չէ։ Սա վերաբերում է մեր բոլոր երեխաների անվտանգությանը և պետական ու համայնքային ծառայողների պատասխանատվությանը։
Օրենքը պետք է պաշտպանել՝ սկսելով երեխայի իրավունքներից»։