«Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանությունն առաջին հայացքից ապտակ է Իրանին»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը Թեհրանում, առաջին հայացքից ապտակ է Իրանին: Ապտակ ոչ միայն ինքնին այն պատճառով, որ նրան սպանել են Թեհրանում իր կեցավայրի վրա հարձակման հետևանքով, այլ որովհետև նա Թեհրան էր մեկնել Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար ևւ սպանությունն էլ տեղի է ունեցել երդմնակալության օրը: Իսկ այդ օրը, ենթադրաբար, պետք է ձեռնարկվեն անվտանգության առավել խիստ միջոցառումներ, այն էլ Իրանի «դառը փորձի» պարագայում: Բնականաբար, բոլորի կասկածը լինելու է Իսրայելի վրա: Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ սպանությունը «սիոնիստական վարչակարգի» ձեռքի գործն է: Մոսադն իհարկե առաջին անգամը չէ, որ Իրանի տարածքում, այդ թվում մայրաքաղաք Թեհրանում իրականացնում է հատուկ գործողություններ, թե սպանություն, թե այլ բնույթի գործողություններ: ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանությունն անշուշտ Իրանի հեղինակությունը հարվածի տակ է դնելու առաջին հերթին «իսլամական դիմադրության» շրջանում, նաև միջազգային հարաբերություններում ընդհանրապես: Մյուս կողմից, այս առերևույթ հանգամանքներից զատ, հարկ է թերևս նկատել մի քանի այլ նրբերանգ, առնվազն որպես դիտարկում-վարկած: Նախ, Իրանի համար ինչպես ասում են՝ «առաջին անգամը» չէ, և իրանյան համակարգը խոշոր հաշվով որոշակիորեն ձևավորել է «իմունիտետ» այդպիսի «ապտակների» առնչությամբ: Իրանյան պետական համակարգն այդ իմաստով «դրված» է ոչ թե «անվրեպության» կամ «անթերիության», այլ խոցելիության պայմաններում կենսագործունեության ապահովման տրամաբանության վրա, «հարված պահելու» կարողության վրա: Մյուսը, հարկ է նկատել մի բան, որ Իրանը չի եղել ՀԱՄԱՍ-ի գլխավոր գործընկերը: ՀԱՄԱՍ-ը ըստ էության հենց իսրայելական ծնունդ է՝ ՖԱԹՀ-ին հակակշռելու համար: ՀԱՄԱՍ-ի արմատականությունը առաջին հերթին պետք է եղել Իսրայելին, այսպես ասած՝ «ալիբի» ունենալու համար: ՀԱՄԱՍ-ի հետ առավել սերտ առնչություն են ունեցել նաև Կատարը, Թուրքիան, իսկ այդ ամենը բնականաբար բրիտանացիների համակարգումով: Ահա այդ իմաստով, կարծում եմ բացառելի չէ վարկածը, որ Թեհրանում ըստ էության տեղի է ունեցել «մեծ համաձայնություն», որին մասնակից է նաև հենց Իրանը: Կարող է թվալ տարակուսելի, թե ինչպե՞ս Իրանը կմտնի այդպիսի մի համաձայնության մեջ, որը հարված է իր հեղինակությանը: Այստեղ սակայն պետք է նկատի ունենալ հետևյալը: Ինչպես նշեցի, Իրանի համար այդօրինակ հարվածները առաջին անգամ չեն: Երկրորդ, դիտարկածս հնարավոր «մեծ համաձայնությունը» կարող է լինել շատ ավելի արժեքավոր ու անհրաժեշտ, հետևաբար կայացվի թեկուզ այդ պահին հեղինակությանը որոշակի հարվածի գնով գնալ դրան և լուծել առավել կարևոր խնդիրներ: Իսկ այդպիսի խնդիրներ Իրանն անշուշտ ունի, հաշվի առնելով իր շուրջ ստեղծված բավականին բարդ իրավիճակը: Կրկնեմ, ես սա դիտարկում եմ որպես վարկած: Եվ այս տրամաբանությամբ մեկ այլը, որ տեղի ունեցածը կարող է լինել հենց իրանյան հատուկ ծառայությունների ձեռքի գործ, կրկնեմ՝ հաշվի առնելով ՀԱՄԱՍ երևույթն ու դրա վերը նշածս «շահառուների» շրջանակը: Այդ իմաստով, դարձյալ որպես վարկած, բայց անձնապես իմ կարծիքով առավել հավանական վարկած է, որ Հանիայի սպանությունը ամերիկա-իրանյան համաձայնություն է, որի միջոցով իրական քաղաքականության կամ իրական ռազմա-քաղաքականության ռեժիմում հարված է հասցվում ռեգիոնում բրիտանական գործիքակազմին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
2510:06Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP29-ին. «Հրապարակ»
2909:30Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»
2909:18Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»
3209:12«Բնականաբար անհանգստացա». Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը՝ ՔԿ-ում. «Ժողովուրդ»
3409:00«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 17:30