«Փաշինյանի «բանաձևը» եղել է նաև մինչև 2018թ. կառավարած համակարգի հիմքում»․ Հակոբ Բադալյան
76
Երեկ, 17:18
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետության ընկալումը՝ «որպես հաց վաստակելու գործիք», Նիկոլ Փաշինյանի «մատուցած բանաձևը» պրակտիկայում, ցավոք, նոր չէ: Պարզապես, Փաշինյանը, ելնելով մի շարք սուբյեկտիվ հանգամանքներից, իրեն թույլ է տալիս օգտագործել այն տեղեկատվա-քարոզչական նկատառումով: Գործնականում, «բանաձևը» եղել է նաև մինչև 2018 թվականը կառավարած համակարգի հիմքում՝ դե ֆակտո: Պետական կենսագործունեությունը ծառայել է ընդամենը «հաց վաստակելու» կամ «տուն պահելու» տրամաբանությանը, ոչ ավելի: Այո, Հայաստանում գործնականում բոլոր մակարդակներում գերակայող վերնախավերը՝ թե՛ պաշտոնյաներ, թե՛ հասարակական-քաղաքական տարբեր դերակատարներ, առաջնորդողը եղել է «տուն պահելու» փիլիսոփայությունը: Այդ ամենն արվել է բարձրագոչ ու պաթետիկ ձևակերպումների ներքո, բայց դրանից չի փոխվել բուն իրողությունը: Դա է եղել հայկական էլիտաների մտածողության ու հոգեբանության տրամաչափը: Չլիներ այդպես՝ իրավիճակը չէր հասնի 2018-ի: Այդ փիլիսոփայությունն այժմ պարզապես դարձել է առավել ցինիկ ու անկաշկանդ, առավել բաց: Եվ պատճառն այն է, որ «բանաձևը» շատ վաղուց խորությամբ նստած է հանրային հոգեբանության և մտածողության մեջ: Եվ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, հանրությունը հենց այդպես էլ ընկալում է պետության ու պետականության գաղափարը: Փաշինյանը դա հիանալի զգալով ու գիտենալով է, որ բարձրաձայնում է «բանաձևը»: Ընդհանրապես, ըստ իս թյուրըմբռնում է մտածել, թե նա բարձրաձայնում է հանրայնորեն ոչ պոպուլյար գնահատականներ ու մտքեր: Նա բարձրաձայնում է այն, ինչ համոզված է, որ մարսվելու է հանրային գիտակցության «աղեստամոքսային համակարգում»: Դրա համար եմ նշում, որ Հայաստանում պետք է փոխվի այդ համակարգը, որպեսզի փոխվի իշխանություն և կառավարման համակարգ, եթե խոսում ենք Հայաստանի ներսից փոփոխության մասին»: