Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Ստիպենք աշխարհին՝ լսել մեր ձայնը»․ Նարինե Դիլբարյան

174
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 22:42
«Ստիպենք աշխարհին՝ լսել մեր ձայնը»․ Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրական ժողովրդավար, արդարադատ աշխարհի ու միջազգային իրավունքի գերակայության պաշտպան գործիչները, հավատարիմ իրենց մասնագիտական և բարոյական արժեքներին, գիտեն, թե ինչ քստմնելի հանցագործություն է կատարվել ընդդեմ հայ ժողովրդի, Արցախի Հանրապետության և մայր Հայաստանի Հանրապետության։ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանուն հայոց դատի իր ձայնը բարձացրած, պայքարող հետևողական անձերից է, որը հույս է ներշնչում՝ աշխարհում բոլորը չեն տառապում նավթագազային մոլախտով և Հարավային Կովկասում համթյուրքական միություն՝ ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի և այլոց արյունալի պատերազմներ բորբոքողների։ Ի հեճուկս նաև ՀՀ գործող ազգուրաց, Արցախամոռաց վարչախմբի՝ Լուիս Մորենո Օկամպոն խոսում է Արցախի մասին, մեր գերիների, նրանց իրավունքների վերականգնման և ցեղասպան հանցագործների պատժի մասին, կա՛ Օկամպոյի ցուցակը միջազգային հանցագործների և հայոց Սրեբրենիցեի դատը կայանալու է։ Այժմ Օկամպոյի ձևակերպմամբ 1915 թվականի ցեղասպանության մոխիրներից վերածնվածներս, մարդկային աննահանջ և համառ ոգով պայքարելու ենք Ադրբեջանից հայոց պատանդների և քաղբանտարկյալների ազատագրման համար։ Փաշինյանը Ալիևին նվիրեց Բաքվում ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը՝ ԿՀ 29 / COP 29, անցկացնելու իրավունքը, այժմ մեր հերթն է պահանջել ցեղասպանից որպես առաջին քայլ անվերապահ ազատ արձակել Բաքվի տարբեր բանտերում գտնվող մեր պատանդներին և քաղաքական բանտարկյալներին, որոնք անլուր խոշտանգումների են ենթարկվում Ալիևի հրահանգով։ Ստիպենք աշխարհին լսել մեր ձայնը և միավորվել հանուն կլիմայի պահպանության և ցեղասպանությունների կանխարգելման։ Միանանք Օկամպոյի առաջարկած տեղեկատվական և քարոզչական արշավին․«Մեր առաջին քայլը միասնական հայկական համայնքի ստեղծումն է և #COP29 #StopGreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիա արշավի մեկնարկը, որոնց կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners»։

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան