Երևան`   +32 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.

«Ռուս-թուրքական հարաբերություններում կանխատեսվում է նոր լարված փուլ». Շարմազանով

116
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 15:48
«Ռուս-թուրքական հարաբերություններում կանխատեսվում է նոր լարված փուլ». Շարմազանով

ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխում են նոր՝ անվստահության փուլ։
Միջազգային փորձագիտական շրջանակները կանխատեսում են նոր լարված փուլ ռուս-թուրքական հարաբերություններում։
Նոր էտապի մեկնարկը հունիսին Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումում տվեց ՌԴ նախագահը, ով իր բացահայտ դժգոհությունը հայտնեց Անկարայի՝ Ուկրաինային ցուցաբերած ռազմական աջակցության առնչությամբ:
ՌԴ-ում նաև դժգոհ են պաշտոնական Անկարայի ակտիվ համագործակցությունից արևմտյան ֆինանսական կառույցների հետ՝ ի հաշիվ ՌԴ-ի հետ համագործակցության խորացման։
Թեև Էրդողանն անպատասխան թողեց Կրեմլի դժգոհությունը, փորձագիտական շրջանակները ակտիվ քննարկում են, թե ինչը ստիպեց Մոսկվային կոշտացնել հռետորաբանությունը, ընդհուպ Թուրքիային ուղղված կոչերը՝ հրաժարվելու ռուսական գազից և հացահատիկից:
Եթե սրան գումարենք Պուտինի պարբերաբար հետաձգվող պաշտոնական այցն Անկարա, ՌԴ-Թուրքիա առևտրաշրջանառության նվազումը, ինչպես նաև Անկարա-Վաշինգթոն ռազմական համագործակցության ակտիվացումը, ապա գործ ունենք ռուս-թուրքական հարաբերությունների առնվազն պասիվացման հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններին Կրեմլը բացահայտ աջակցում էր Էրդողանին՝ 20 մլրդ դոլարի ներդրում անելով Թուրքիայում ԱԷԿ կառուցելու նպատակով, ինչպես նաև հետաձգվեց ռուսական գազի 20 մլրդ դոլար պարտքի մարումը Թուրքիայի կողմից։
Ակնհայտ է, որ ռուսական սպասումներն այս փուլում չարդարացան։
Էրդողանը հետընտրական շրջանում խորացրեց հարաբերությունները ոչ այնքան Մոսկվայի, որքան Վաշինգթոնի հետ։
2023թ. հունվարին Թուրքիան հանեց իր՝ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն:
Ի պատասխան ԱՄՆ կոնգրեսը «կանաչ լույս» վառեց Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրելու համար:
Գաղտնիլք չէ, որ ռուս թուրքական հարաբերությունների գլխավոր հակասությունը ուկրաինական հարցն է:
Թուրքիան շարունակում է հանդես գալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին, իսկ թուրքական Baykal ընկերությունը Կիևի մարզում հիմնադրել է անօդաչուների արտադրություն:
Այս իրողությունը ստիպեց պաշտոնական Մոսկվային հունիսին հայտարարել, թե Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի հետ, եւ արդյունքում Ռուսաստանից Թուրքիա գազատարը կարող է ռմբակոծվել հենց թուրքական անօդաչուների կոզմից:
«Ես ոչինչ չեմ հորինում: Պարզապես տեղեկացրեք մեր ընկեր նախագահ Էրդողանին, թե ինչ է կատարվում»,- սա Վլ. Պուտինի կտրուկ արձագանքն է ստեղծված իրավիճակում:
Երկկողմ գործակցության տնտեսական արշալույսները ևս խաղաղ չեն:
Հունվարի 1-ից թուրքական բանկերն ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի տակ դադարեցրին ՌԴ-ից դրամափոխադրումները:
Առևտրաշրջանառության կտրուկ նվազում տեղի ունեցավ։
Այս պայմաններում թուրքական ընդդիմությունն արդեն իսկ ջերմ շփումներ ունի Մոսկվայի հետ:
Մայիսին ՌԴ դեապանն Անկարայում հանդիպեց ընդդիմադիր առաջնորդներից մեկի՝ Օզելի հետ։
Կա կարծիք, որ ռուս-թուրքական համագործակցությունը «թաղելը» դեռ վաղ է, բայց ակնհայտ է, որ Պուտին-Էրդողան հարաբերությունները դժվար է նախկինի պես «փայլուն» անվանել։
Ու հատկանշանական է, որ Մոսկվան դա այլևս չի էլ թաքցնում:
Հնարավոր է, որ ռուս-թուրքական մրցակցության ակտիվացումը տարածվի նաև Հարավային Կովկասում։
Իսկ ի՞նչ է անում այս պայմաններում նիկոլիստական իշխանությունը։
Փչացնում է հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ջերմացնում կապերը Թուրքիայի հետ՝ փաստացի դառնալով Անկարայի կամակատարն ու պետությունը սարքելով «պալիգոն»»: