Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ո՞ւմ է ակնարկում Արցախի նախագահը». Տիգրան Աբրահամյան

588
Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 09:36
«Ո՞ւմ է ակնարկում Արցախի նախագահը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի նախագահն անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած պահանջին՝ Արցախն ադրբեջանական ինտեգրացիայի ճանապարհով տանելու, այսինքն՝ Ադրբեջանի կազմում ընդգրկելու վերաբերյալ, նշել է, որ դա Արցախի համար ընդունելի չէ:
Սակայն տարօրինակն այն է, որ Հարությունյանը հավելում է, թե «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:
Ինչո՞ւ է Հարությունյանը ակնարկում, որ Արցախի ներսում փաստացի պարտվողականություն կրող խմբեր կան ու ինչո՞ւ է նրանց քարոզչությունն անում կամ դաշտ բացում նման քննարկումների համար:
Ո՞ւմ է ակնարկում Արցախի նախագահը՝ Ադրբեջանի հետ համագործակցություն տեսնողների՞ն, թե՞ ներսում ինչ-որ ուժ է ձևավորվում կամ դիրքավորվում, որը Ադրբեջանի հետ համատեղ՝ մեկ դրոշի ներքո, կյանք է պատկերացնում:
Անունը կդնեն տնտեսական համագործակցություն, թե մեկ այլ փաթեթավորմամբ կներկայացնեն, կարևոր չէ՝ վերջնանպատակն Արցախի կլանումն ու ոչնչացումն է լինելու:
Ես հասկանում եմ, որ Արցախում ծանրագույն շրջան է, սակայն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած քննարկում դավաճանություն է:
Սա ոչ միայն ասում եմ նրա համար, որ Արցախում մարդիկ դեռ 3 տասնամյակ առաջ են ընտրել ինքնորոշման ճանապարհը ու դրա համար դաժան կռիվ տվել, այլ նրա, որ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակում լինել նշանակում է էթնիկ զտումներ, ցեղասպանության անմիջական վտանգ ու Արցախի վերջնական կորուստ:
Արցախի փրկության մեկ բարդագույն ճանապարհ կա՝ շարժվել ինքնորոշման իրավունքի իրացումը ենթադրող քաղաքական գծով՝ դրանից բխող միջոցառումների ու գործողությունների պլանով, մյուս բոլոր տարբերակները Արցախի անկմանը, հայաթափմանն ու ֆիզիկական ոչնչացման են տանելու»: