Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան

44
Այսօր, 16:42
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախցիների կենսաչափական նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջանի Հանրապետություն» գրելու իշխանությունների որոշումը պարզապես տեխնիկական կամ փաստաթղթային հարց չէ։ Սա շատ ավելի խորքային խնդիր է, որն առնչվում է մարդու ինքնությանը, արժանապատվությանը և պատմական հիշողությանը։
Մարդը ծնվել է Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում, Հադրութում կամ Արցախի մեկ այլ բնակավայրում։ Դա փաստ է, որը չի կարող փոխվել ո՛չ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, ո՛չ պատերազմով, ո՛չ բռնի տեղահանությամբ և առավել ևս՝ որևէ իշխանության որոշմամբ։
Իշխանությունները փորձում են այս որոշումը ներկայացնել որպես միջազգային չափորոշիչների պահանջ։ Սակայն միջազգային չափորոշիչների գոյությունը դեռ չի նշանակում, որ դրանց շրջանակում հնարավոր չէ այլ լուծում գտնել։ Ավելին՝ նախկինում արցախցիների փաստաթղթերում նշվել են հենց իրենց ծննդավայրերի անունները։
Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր նախկինում հնարավոր, իսկ այսօր հանկարծ դարձել է անհնար։
Եվ եթե անգամ իշխանությունները պնդում են, որ դա միջազգային պրակտիկայի պահանջ է, ապա ինչո՞ւ չեն քննարկում այլընտրանքային տարբերակները՝ ծննդյան վկայականում առկա տվյալների պահպանումը կամ առնվազն բնակավայրի անվան նշումը։
Բայց այս պատմության մեջ ամենացավալին միայն որոշումը չէ, այլ այն, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչներն արձագանքում սեփական իրավունքները պաշտպանել փորձող մարդկանց։
Առավել ուշագրավ է Փաշինյանի արձագանքն այս հարցին։ Վերջինս հայտարարում է, որ պետք է առաջնորդվել նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տրամաբանությամբ, որպեսզի «Եռաբլուրը չընդլայնվի»։
Այսինքն՝ անձնագրերում արցախցիների ծննդավայրը նշելու հարցն էլ են փորձում մանիպուլացնել՝ պատերազմի վերսկսման վախ ներարկելով։
Վերջերս, երբ արցախցիները կառավարության շենքի դիմաց բողոքում էին այս որոշման դեմ՝ բացականչելով՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ԱԽ քարտուղարը նրանց պատասխանել էր. «Բա դուք այստեղ ի՞նչ եք անում»։
Սա՞ է իշխանության վերաբերմունքը հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք կորցրել են իրենց հարազատներին, տները, ծննդավայրը և «համարձակվում են» պահանջել, որ փաստաթղթերից չջնջվի իրենց իրական ծննդավայրը։
Այսպիսի վերաբերմունքով իշխանությունները միմիայն խորացնում են արցախցիների նկատմամբ ատելության ու խտրականության մթնոլորտը։
Արցախցիներին թիրախավորելով՝ հասարակության ներսում նոր բաժանարար գծեր են ստեղծում։ Իսկ մասնատված հասարակությունն ավելի խոցելի է դառնում արտաքին վտանգների առաջ։
Արցախցիներն իրենց կամքով չեն լքել իրենց տները։ Նրանք չեն հրաժարվել իրենց հայրենիքից։ Եվ որևէ մեկի քաղաքական որոշումը չի կարող հետադարձ ուժով փոխել նրանց ծննդյան վայրը։
Արցախցու ծննդավայրը Ստեփանակերտն է, Շուշին, Մարտունին, Հադրութը և Արցախի մյուս բնակավայրերը։ Ոչ մի անձնագրային գրառում չի կարող փոխել այդ պատմական փաստը, չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից։
Արցախցիները հազարամյակներ շարունակ ապրել են իրենց հայրենիքում։ Այդ պատմական ներկայության վկայություններն են Արցախի բազմաթիվ եկեղեցիներն ու վանքերը, պատմամշակութային ժառանգությունը։ Սա ոչ միայն պատմական հիշողության, այլև մեր ժողովրդի ինքնության անբաժանելի մասն է։
Եվ այսօր, երբ իշխանությունը փոխանակ այս մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվի, նրանց արժանապատվությունը վերականգնի և սոցիալական խնդիրներին լուծումներ տա, հաճախ հակառակ վերաբերմունքի է արժանացնում։
Արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակն անմխիթար է. նրանք հաճախ բախվում են նաև խտրական վերաբերմունքի։ Մինչդեռ այս մարդիկ ոչ միայն մեր հոգածության, այլև պետության առանձնահատուկ աջակցության կարիքն ունեն։ Պետք է օգնել նրանց հաղթահարել տեղահանության հետևանքները, արժանապատիվ պայմաններում ապրել և լիարժեք ինտեգրվել հասարակությանը։
Մեր հայրենակիցները ենթարկվել են էթնիկ զտման, և չափազանց կարևոր է նրանց նկատմամբ համերաշխության ու ապրումակցման դրսևորումը։ Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ նրանց կողքին լինենք ոչ միայն խոսքով, այլև գործով։
Խաղաղությունը չի կարող կառուցվել սեփական ժողովրդի հիշողությունը ջնջելու, նրա արժանապատվությունը նվաստացնելու և նրա ցավը ծաղրելու հաշվին։
Վաղուց ժամանակն է, որ այս մարդկանց խմբակը ենթարկվի պատասխանատվության՝ մեր պետականությանն ու ինքնությանը այսքան անդառնալի վնաս հասցնելու համար։
Ի վերջո, ազգային պետության կերտման գործում առանցքային դեր պետք է ունենան նաև արցախցի մեր քույրերն ու եղբայրները։ Նրանք պետք է ունենան իրենց արժանի տեղն ու դերը մեր պետության կյանքում, նրանց իրավունքները պետք է հարգվեն, արժանապատվությունը՝ պաշտպանված լինի, իսկ ինքնությունը՝ պահպանվի։ Չէ՞ որ ազգային պետություն կերտելու գաղափարը հենց նրանում է, որ յուրաքանչյուր հայ, այդ թվում՝ բռնի տեղահանության ենթարկված մեր հայրենակիցները, իրենց երկրում զգան պաշտպանված, արժևորված և լիարժեք քաղաքացի։
Սատարումս և աջակցությունս՝ արցախցի մեր բոլոր հայրենակիցներին»: