Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան

49
Այսօր, 01:12
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ ԶԼՄ-ների՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին՝ Ադրբեջանի պետական ֆինանսավորմամբ հրատարակված երկու գրքերի շնորհանդեսին պաշտոնապես աջակցելու համար։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած այդ շնորհանդեսին ներկայացված գրքերում պնդվում է, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանն ադրբեջանական տարածք է։
Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից պահանջում է սպառիչ պարզաբանումներ՝ միաժամանակ կոչ անելով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին պարզել, թե ինչպես է ԱՄՆ գլխավոր գրադարանն իր անունը կապել Հայաստանի դեմ ուղղված օտարերկրյա քարոզչական արշավի հետ։
Պահանջը, անշուշտ, ճիշտ է և տեղին։ Սակայն խնդիրն ունի նաև հակառակ կողմը, որի մասին չպետք է լռել։ Իսկ ինչո՞ւ Հայաստանի պետությունը, հայաստանյան ակադեմիական և սփյուռքահայ կառույցներն իրենք չեն նախաձեռնում Երևանի և առհասարակ Հայաստանի պատմության ու պատմական ժողովրդագրության վերաբերյալ նոր ուսումնասիրությունների թարգմանությունն անգլերեն և այլ օտար լեզուներով, ինչո՞ւ չեն զբաղվում այդ աշխատությունների տարածմամբ։ Ինչո՞ւ իրենք չեն հովանավորում և այնուհետև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին ներկայացնում նույն թեմայով բարձր ակադեմիական մակարդակով գրված նոր աշխատություններ։ Մի՞թե այդպիսի աշխատություններ չկան։ Իրականում՝ կա՛ն, բայց անտեսված են հայկական խոշոր կառույցների կողմից։
2022 թ. հրապարակել եմ իմ երկարամյա հետազոտությունների արդյունք հանդիսացող հետևյալ 664-էջանոց հիմնարար մենագրությունը՝ «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» (Եր.՝ «ՆՏ Հոլդինգ», 2022)։
Մենագրության ընդարձակ մի բաժին նվիրված է հենց այդ դարաշրջանում Երևանի և Արարատյան դաշտի ժողովրդագրությանն ու բնակչության էթնիկական կազմին։
2024 թ. հրապարակեցի նաև առանձին մենագրություն՝ նվիրված 1724 թ. Երևանի հերոսական պաշտպանության 300-ամյակին, որում, բացի Երևանի հայության հերոսական դիմադրության և մարտական գործողությունների մանրամասն վերլուծությունից, ընդգրկված էր նաև Երևանի ժողովրդագրության մասին վերոհիշյալ գլուխը։ Եվ ի՞նչ։ Բացարձակ անտարբերություն հայաստանյան և սփյուռքյան խոշոր կառույցների կողմից։
Ավելին՝ 2024 թ. սեպտեմբերին գրքիս՝ մի շարք ԶԼՄ-ներում լուսաբանված շնորհանդեսը դարձավ միակ իրադարձությունը, որով նշվեց Երևանի պաշտպանության 300-ամյակը։ Պետությունն ու սփյուռքյան կառույցները պահպանեցին քար լռություն՝ կարծես Երևանի համար ոչ մի կռիվ էլ չէր եղել, հազարավոր հայեր զենքով չէին պաշտպանել իրենց քաղաքը և նրա պարիսպների տակ չէին ոչնչացրել 20 000 օսմանցի ասկյար։
Այնինչ այդ օրերին ես առաջարկել էի նաև ԿԱՌՈՒՑԵԼ ՄԻ ՎԵՀԱՇՈՒՔ ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ 1724 Թ. ՀՈՒՆԻՍ–ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՕՍՄԱՆՅԱՆ ԶԱՎԹԻՉ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ ՀԱՄԱՌ ԿՌԻՎՆԵՐՈՒՄ ՔԱՋԱԲԱՐ ՄԱՐՏՆՉԱԾ 11 500 ՀԱՅ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ՝ ներկայացնելով նաև դրա հնարավոր մակետը (հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։
Առհասարակ, մեզանում սարսափելիորեն կաղում է պետական և համազգային հիշողության քաղաքականությունը, ինչը սովորաբար ծանր հետևանքներ է ունենում։
Պարզ չէ՞ր, որ այդ 11 500 հայ ռազմիկները ներկայացնում էին անհամեմատ ավելի մեծաթիվ հայ բնակչություն, որի թվաքանակն իմ ուսումնասիրության մեջ ճշտվում էր թաղամաս առ թաղամաս՝ հընթացս հիմնավորելով 1724 թ. Երևանի բնակչության մեջ հայերի գրեթե 90-տոկոսանոց մեծամասնությունը։ Բացի այդ՝ աղբյուրներում նշվում է նաև, որ 1724 թ. սեպտեմբերի վերջին օսմանյան բանակը Երևանում կոտորել է 30 000 հայի, իսկ մյուսներին գերի քշել-տարել կայսրության խորքերը։
Բայց չէ՛, այս ամենը մոռանանք, չհիշատակենք, չլուսաբանենք, չտարածենք տարբեր լեզուներով, հետո գնանք բողոքենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը կեղծում են Երևանի պատմությունը։
Ասածս այն է, որ ադրբեջանական պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց դա քիչ է, խիստ անբավարար, եթե չի ուղեկցվում հայկական կողմի համապատասխան գիտական աշխատությունների ներկայացմամբ ու տարածմամբ։ Իսկ թե ինչո՞ւ են հայկական քարոզչությունն ու հակաքարոզչությունն այդքան կաղում այս հարցերում՝ արդեն բոլորովին այլ, երկար խոսակցության նյութ է»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան