Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան

80
Այսօր, 20:42
«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐ՝ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Փաստերն արձանագրենք։
▪️ 1995 թ. հուլիսի 5 (Լևոն Տեր-Պետրոսյան) – հանրաքվեով ընդունվեց ՀՀ առաջին Սահմանադրությունը։
▪️ 2005 թ. նոյեմբերի 27 (Ռոբերտ Քոչարյան) – հանրաքվեով ընդունվեցին սահմանադրական փոփոխությունները։
▪️ 2015 թ. դեկտեմբերի 6 (Սերժ Սարգսյան) – հանրաքվեով ընդունվեցին սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում անցում կատարվեց խորհրդարանական կառավարման համակարգի։
▪️ 2020 թ. հունիսի 22 (Նիկոլ Փաշինյան) – Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխություններ՝ առանց հանրաքվեի։
▪️ 2026 թ. նոյեմբերի 23 (Նիկոլ Փաշինյան) – հրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը։
Ես ընդունում եմ, որ Հայաստանին կարող է անհրաժեշտ լինել նոր Սահմանադրություն, և որ գործողն ունի բազմաթիվ խնդիրներ։ Բայց համաձայն չեմ, որ դրա ստեղծման նախաձեռնությունն ու բովանդակության որոշումը պետք է վերապահված լինեն իշխանություններին։ Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը։
Հարցեր բոլոր ժամանակների իշխանություններին.
1. Ինչո՞ւ է Հայաստանում իշխանության եկող գրեթե յուրաքանչյուր քաղաքական ուժ անհրաժեշտ համարում Սահմանադրության փոփոխությունը՝ այն դարձնելով տվյալ պահի քաղաքական պատկերացումների, այլ ոչ թե պետության և հասարակության երկարաժամկետ պայմանավորվածության արտացոլում։
2. Ինչո՞ւ գործընթացը չի սկսվում հասարակության լայն շրջանակների մասնակցությամբ, և ինչո՞ւ սահմանադրագետները, դատավորները, քաղաքական ուժերն ու ՀԿ-ները հավասար պայմաններով ներկայացնելու հնարավորություն չունեն սեփական այլընտրանքային նախագծերը։
3. Ինչո՞ւ չի ձևավորվում անկախ, բազմակողմանի հանձնախումբ՝ իշխանության, ընդդիմության, մասնագիտական և հանրային շրջանակների ներգրավմամբ, որը կուսումնասիրի ներկայացված բոլոր նախագծերը, կհամադրի լավագույն առաջարկներն ու կձևավորի լայն համաձայնություն ունեցող միասնական փաստաթուղթ։
4. Ինչո՞ւ քաղաքացին պետք է ընտրություն կատարի միայն իշխանության պատրաստած նոր նախագծի ընդունման և գործող Սահմանադրության պահպանման միջև՝ զրկված լինելով Սահմանադրության ձևավորման գործընթացի լիարժեք մասնակիցը լինելու հնարավորությունից։
Իմ առաջարկը պարզ է։
Գործընթացը պետք է սկսել ոչ թե մեկ պատրաստի նախագծից, այլ հասարակական, քաղաքական և մասնագիտական շրջանակների այլընտրանքային առաջարկների հավաքագրումից։ Այնուհետև անկախ և հավասարակշռված հանձնախումբը պետք է համադրի դրանք, կազմի միասնական նախագիծ և ներկայացնի հանրային քննարկման։
Միայն դրանից հետո քաղաքացին պետք է ընտրի՝ գործող Սահմանադրության և հանրային մասնակցությամբ ձևավորված նոր Սահմանադրության միջև։
Սահմանադրությունը իշխանության սեփականությունը չէ։ Այն ժողովրդի հիմնարար պայմանավորվածությունն է իր պետության հետ։
Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք. Սահմանադրությունը պետք է ձևավորի՞ ժողովուրդը, թե՞ հերթական իշխանությունը»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան