Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Ոչինչ չարեցին, որպեսզի Արշակ Սադոյանը հայտնվեր ճաղերի ետևում». Հրանտ Բագրատյան

1624
Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 11:12
«Ոչինչ չարեցին, որպեսզի Արշակ Սադոյանը հայտնվեր ճաղերի ետևում». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորև արդեն 4-րդ անգամ հրապարակում եմ ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ա. Կռոյանի որոշումը Արշակ Սադոյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Ի՞նչ քրեական գործ էր։ Լավ գիտեք՝ այսպես կոչված մազութի գործը։ 1999-ին մի քանի պոպուլիստ պատգամավոր Արշակ Սադոյանի գլխավորությամբ նախաձեռնեց պառլամենտական հանձնաժողով՝ մութ ու ցուրտ տարիներին մազութի և այլ վառելատեսակների ներմուծումն ու ծախսը ուսումնասիրելու նպատակով։ Սույն հանձնաժողովը, Արշակ Սադոյանի և այլոց գլխավորությամբ, ի սկզբանե իմպոտենտ, որևէ պոզիտիվ աշխատանքի անընդունակ, պարզապես վերցրեց ու չնչին ձևափոխություններով ԱԺ ներկայացրեց իմ հանձնարարությամբ կառավարության վերահսկողության վարչության ստուգումների արդյունքները 1992-1996թթ վառելիքի ներմուծման և ծախսի կապակցությամբ (հիմա նման մասշտաբային ստուգումներ իսկի չեն էլ անում)։ Հայտնաբերվել էին խախտումներ, գործը դեռևս 1996-ին ուղարկվել էր դատախազություն ընթացք տալու համար, ոմանք նույնիսկ հայտնվեցին բանտում։ Եվ ահա ՀՀ ԱԺ-ն կուտը կերավ և այս նույն գործը 1999-ին քննեց իբրև Ա.Սադոյանի կողմից գլխավորած հանձնաժողովի կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունք։ Դրանց հաջողվել էր բոլորին խաբել։ Հ1-ը այս ամենը ներկայացրեց իբրև նախկինների (այսինքն՝ մեր) իշխանության գործուներության արդյունք։ Այն ժամանակ դիմեցի Հ1՝ թողեք գամ պատասխանեմ։ Մերժեցին։ Ու ստացվեց, որ մի կառավարության, որը վերագործարկել էր ԱԷԿ ու էներգետիկ ռեֆորմ արել, կարճ ժամկետում լուծել էր 24-ժամյա էլեկտրամատակարարման խնդիրը, շնորհակալության փոխարեն հասարակական պարսավանքի էր արժանանում։ Ինչևէ, այդ հանձնաժողովի «ուսումնասիրությունը» ուղարկվեց դատախազություն։ Մի քանի ամիս անց դատախազությունը, բնական է, հայտարարեց, որ ոչ մի գործ չկա, հանցանք չկա։ Այսինքն, մազութի գործի էությունն այն էր, որ մազութի գործ ընդհանիրապես չի եղել։ Է այնժամ ես դիմեցի դատախազություն, իբրև նախկին վարչապետ. եթե մենք մեղավոր չենք, ապա մեղավոր են մեղադրողները։ Դատախազությունը հրավիրել էր դրան։ Դա էլ թե փոխաբերական իմաստով եմ ասել. ասել կուզի կատակ եմ արել։ Դատախազությունը գործ չհարուցեց Ա. Սադոյանի նկատմամբ ստի, կեղծիքի, զրպարտության, հասարակությանը մոլորության մեջ գցելու պատրվակով։ Դիմեցի այն ժամանակվա ՀՀ իշխանություններին։ Ոչինչ չարեցին, որպեսզի Արշակ Սադոյանը հայտնվեր ճաղերի ետևում։ Այդօրվանից ՀՀ-ում գերակշռում են պոպուլիստ քաղաքական գործիչները, որոնք միաբերան խոսում են թալանից, ազգին վնաս տալուց, գոտեպնդում են անբաններին, ստահակներին ու սրիկաներին։ 2018-ին այդ ամենն ավարտվեց մի հեղափոխությամբ, որը 2 տարի հետո հանձնեց Արցախի հիմնական մասը։
Ի՞նչու այս մասին կրկին հիշեցի։ Նայեք ռուս-ուկրաինական պատերազմը. Ուկրաինայում մտցված են հովհարային անջատումներ։ Լույս չկա։ Բարեբախտաբար այնտեղ հասարակությունն ավելի բարձր մակարդակ ունի քան մեզ մոտ և պառլամենտական ստահակներն ի վիճակի չեն աղմուկ բարձրացնել իրենց պոպուլիստական ամբիցիաները բավարարելու նպատակով»:

Աղբյուրը`   Հրանտ Բագրատյան