Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Չմոռանաք, որ թուրքական աղբին փող տալով՝ նպաստելու եք բայրաքթարային քաղաքականության զարգացմանը»․ Աննա Կոստանյան

781
Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 13:18
«Չմոռանաք, որ թուրքական աղբին փող տալով՝ նպաստելու եք բայրաքթարային քաղաքականության զարգացմանը»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Թուրքայի հետ սահմանի բացմամբ տնտեսական աճի միֆի մասին խոսելիս երբեք չմոռանաք, որ թուրքական աղբին փող տալով՝ նպաստել/նպաստելու եք բայրաքթարային քաղաքականության զարգացմանը։ Ինձ համար թուրքական ամեն ինչից արյան հոտ է գալիս։ Ու ես երբեք չեմ մոռանում 2020-ին թուրքական բայրաքթարների դեմ կռիվ տված տղերքի արածը, որի արդյունքում այսօր հանգիստ ապրում ու վայելում եք մեկ անգամ տրված կյանքը։

Նկատել եմ, որ վերջին շրջանում թուրքական ապրանքն ավելի ագրեսիվ ձևով է մտել հայկական շուկա ու անթաքույց հպարտ ձևով վաճառվում է երևանյան խանութներում։ Դավթաշենում դժվար գտնես չինական ինչ-որ բան, իսկ հայկական արտադրանքի մեկ խանութ կա՝ Տոսպը, որն էլ էնքան խեղճ ու կրակի տպավորություն է թողնում, մեկ-մեկ մտածում ես՝ արդեն փակել, գնալու են, որովհետև մի տեսակ շատ քիչ ու շատ անտեսված են համատարած թուրքական աղբի ֆոնին։ Չէ, էնպես չի, որ սա նոր երևույթ է, առաջ էլ կար, բայց առաջ ամոթից (գուցե և պախարակվելու վախից) հագուստների պիտակները կտրած էին վաճառում։ Չեմ խոսում էլ տնտեսական ու կենցաղային նշանակության խանութների մասին, որտեղ աչքերդ շլանում են ապրանքների բազմազանությունից, դե իսկ հայ ազգս էլ հայկական արտադրանքն անտեսած՝ ագահորեն իրեն գցում ու գնում է թուրքական էժանը։

Ասածս ինչ է՝ մի քիչ արժանապատվություն ունենալը չէր խանգարի․ ոնց կարելի է էսքան կարճ ժամանակում հանուն էժանության ու հանուն փորի՝ արագ մոռանալ, թե ով 2020-ին հերթական ցեղասպանությունն արեց։

Ինձ համար հայկական հարցը՝ ցեղասպանության ճանաչումը, ընդունումը, դատապարտումը, նույնիսկ որևէ կերպ փոխհատուցումը, բացի զգայականությամբ, պատվախնդրությամբ ու արաժանապատվությամբ պայմանավորելն ունի ԻՐԱՎԱԿԱՆ կարևոր ու շատ հստակ նշանակություն, իրավունք, որն ինձնից (քեզնից ու բոլոր հայերից) խլելու իրավուք չունի ոչ մի մահկանացու։ Սրա մասին մոռացողն ուրանում է սեփական ազգն ու հայրենիքը, դավաճանում իր հետնորդների ապագա ունենալու իրավունքը։ Չնայած կյանքն էժան ապրանքներով կարևորողի համար ինչ ազգ, ինչ հայրենիք․․․»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան