Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ.

«Ստեղծագործական զբաղվածության առումով Երզնկյանը հայկական կինոյի ամենաարդյունավետ ռեժիսորն է եղել». կինոլրագրող

789
Չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ., 01:06
«Ստեղծագործական զբաղվածության առումով Երզնկյանը հայկական կինոյի ամենաարդյունավետ ռեժիսորն է եղել». կինոլրագրող

Կինոլրագրող, Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆ -100
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԻՑ ԶԱՏ, ՓԱՅԼՈՒՆ ՔՆՆԱԴԱՏ ԷՐ
Հայկական կինոյում ինձ չի հանդիպել մեկը, որն իր նկարահանած ֆիլմերին այնպիսի ճշգրիտ գնահատական տար և այնպիսի հումորով վերաբերվեր, ինչպիսին Յուրի Երզնկյանն էր: Իսկ նրա նկարահանած ֆիլմերի թիվը հինգ-վեց տասնյակի է հասնում: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ստեղծագործական զբաղվածության առումով նա հայկական կինոյի ամենաարդյունավետ ռեժիսորն է եղել:
Մինչև ստեղագործական հակիրճ դիմանկարին անդրադառնալը մի փոքր պատմություն :
Հենրիկ Մալյանի հոր հուղարկավորության առիթով Յուրի Երզնկյանի հետ մեքենայով Թբիլիսի ենք գնում : Ճանապարհին մտանք Սպիտակի մեր տուն , համտեսեցինք ծնողներիս ստեղծած գյուղի տնական բարիքներից ու ճամփա ընկանք… Իր հոր՝ հանրահայտ պետական ու քաղաքական գործիչ Արամայիս Երզնկյանի մասին, ճանապարհին պատմելու առիթը, ես ստեղծեցի…
Պատմում էր անէացած…Կարծես սիրտը բացել ու դատարկել էր ուզում:
Կինոռեժիսորի հայրը ՝ Արամայիս Երզնկյանը ,ով ավարտել էր Թիֆլիսի Ներսիսյան հանրահայտ դպրոցը, հետո սովորել Ժնևի համալսարանում , համագործակցել Ստ. Շահումյանի հետ , եղել Անդրկովկասյան սեյմի անդամ , ՀԽՍՀ ժող.կոմիսարի տեղակալ, 1937-ին ձերբակալում են ու այլևս նա հորը չի տեսնում:
Ասում է,երեխա էի ,երբ Մուղդուսին ( ներքին գործերի տխրահռչակ նախարարը ) հաճախ էր մեր տանը լինում , քեֆ ու ուրախության մասնակցում: Նման մի օր , երեխա ժամանակ , ծննդյան օրվա առիթով , էս Մուղդուսին ոչ ավել, ոչ պակաս, ատրճանակ է նվիրում Յուրային ,որն էլ հետագայում, որպես իրեղեն ապացույց դարձնում է հոր՝ հեղափոխական հայտնի գործչի ձերբակալության առիթը :
Պատմության հակիրճ սյուժեն սա էր : Նա պատմում էր , մենք (Ի դեպ մեզ հետ էր նաև վավերագրող Լևոն Մկրտչյանը ) գործողություններն էկրանին էինք տեսնում…Պատմում էր ժամանակի վառ գույներով , այն աստիճան պատկերավոր ,որ չհասկացվեց , թե երբ հասանք Թբիլիսի…Ասում եմ Յուրի Արամայիսի, ֆիլմն արդեն պատրաստ է, մնում է նկարեք: Լռում է , դա էլ հասկանալի էր, խնդիրներ են եղել հոր և Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանի միջև …
Ասում եմ ,եթե ոչ դուք, էլ ո՞վ կարող է այդ թեման էկրանավորել… Ոգևորվում է…Ինքն էլ է նկարելու խաղի մեջ մտնում ,արդեն էպիզոդ առ էպիզոդ է պատմում… Որ կտորն ինչպես կարելի է նկարել… Հետո նորից է լռում... Հասկանում եմ, տալիս առնում է...
Այդպես էլ չնկարահանեց: Ափսոս…
Կինոյին սիրահարված երեխաներ էինք , երբ 50-ականներին, օրը մի քանի անգամ, նրա նկարահանած « Հովազաձորի գերիներ » ֆիլմն էինք նայում :
Վաղթանգ Անանյանի վիպակի հիման վրա էկրանավորած այս կինոնկարը, և գրողի հարյուրավոր պատմվածքները (առանց այսօրվա բնապահպանների բանակի ) բնությունը սիրելու , ես կասեի պաշտելու աստիճան, երեխաներիս մի ամբողջ սերունդ դաստիարակեց:
Ստեղծագործական մի փոքր էքսկուրս:
Յուրի Երզնկյանի և Լաերտ Վաղարշյանի նկարահանած «Առաջին սիրո երգը» (1958թ.) իր ամեն մի կտորով, ամեն մի դրվագով հայկական ազգային՝ բեկնազարյանական կինոյի ակունքներից է:
Այս ֆիլմը մեր կինոարվեստի այն հազվադեպ գործերի թվին է պատկանում, որը միության կինոթատրոններում միլիոնավոր հանդիսատեսներ են դիտել : Ավելին, Խորհրդային Միությունում չկար մի հեղինակավոր բեմահարթակ, մշակութային օջախ, ուր չհնչեր Առնո Բաբաջանյանի երաժշտությունը:
Տասնամյակներ շարունակ այն կատարվում էր ժամանակի բոլոր մշակութային օջախներում և ռեստորաններում:
Հայկական կինոյում նա իր երզնկյանական կինոյի առանձին տե-սակն ունի: Հարցնում եք՝ ո՞րն է այդ տեսակը: Խնդրեմ «Փառքի օղակներ» (1962թ.), «Սգավոր ձյունը», (1978թ.), «Խաթաբալա» (1971թ.) կարելի է ընդգրկել նաև « Այս կանաչ, կարմիր աշխարհը » ( 1975 թ.) և այլն:
Այսօր, երբ նորովի ես նայում Երզնկյան ռեժիսորի այն ֆիլմերը, որոնք ժամանակին վերապահումով էր գնահատվում, չմահավանությունդ ի չիք է դառնում և էկրանից հաղորդակցվում ես պրոֆեսիոնալիզմով հագեցած զարմանալի կինոյական, խորաթափանց ֆիլմերի:
Երբ մի պահ աչքիդ առաջ է գալիս կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը, նրա ֆիլմերը, նրա ելույթները, նրա դասախոսությունները, նոր միայն կարողանում ես լիարժեք գնահատել արվեստագետի նրա տեսակը:
Բաղդատելով նրա նկարահանած ֆիլմերի ասելիքը , տեսնում ես, որ Յուրի Երզնկյանի պրոֆեսիոնալիզմը զգացվում է ոչ միայն ռեժիսուրայում, այլև դերասանների, նկարիչների, կոմպոզիտորների և մյուսների հետ համագործակցելիս: Ինչպես նշեցի նա նաև կինոյի փայլուն տեսաբան ու քննադատ էր՝ բանավոր խոսքը հումորով համեմված: Նրա յուրաքանչյուր պատմություն շաղախված էր վիպողի հստակ և գեղարվեստի նրբին դիտողականությամբ: Յուրի Երզնկյանի նկարահանած բազմաթիվ ֆիլմեր ճանաչողական ու հրապարակախոսական խոր հնչեղություն ունեն՝ այդ թվում՝ «Գոտեմարտ» (1982թ.), «Ո՞ւր ես գնում զինվոր» (1985թ.), «Հրաժեշտի հինգ նամակ» (1988թ.) և այլ ֆիլմեր:
Հետին թվով մի փոքրիկ պատմություն ևս... 88-ի ավերիչ երկրաշարժից մեկ-մեկուկես տարի անց Նորվեգիան, երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակին այնպիսի մի նվեր մատուցեց,որն այսօր փրկություն է ոչ միայն Սպիտակի համար, այլ նաև մարզի, հատկապես համաճարակի այս շրջանում : Խոսքս Նորվեգական հիվանդանոցի մասին է: Բացման օրը, ավելի քան 50 հոգանոց պատվիրակություն էր եկել Նորվեգիայից : Բնականաբար մտածում էինք, որպես երախտիքի պատասխան սպիտակցիներս ի՞նչ պիտի նվիրենք: Մտքովս միանգամից Յու. Երզնկյանի նկարահանած մեծ հումանիստ,հայ ժողովրդի դատը մրջազգային ատյաններում պաշտպանող՝ Նանսենին նվիված վավերագրական ֆիլմն անցավ:
Այսօր կարող է դա սովորական թվալ,իսկ 1991-թվականի դժվարին տարիներին, ճգնաժամ, տեսակասետների դիֆիցիտ, կինոժապավենից վիդիոյի վրա անցկացնելու պրոբլեմ: Կարճ ասած մի տուփ՝ 10 օրինակ Նանսենի Հայաստանյան այցելության վավերագրական Երզնկյանի «Անմահության անձնագիր» ֆիլմը նվիրում ենք Նորվեգիայի կարմիր խաչի պրեզիդենտին:
Եվ ի՞նչ...Այն առիթ դարձավ, որ մեկ տարի անց, նրանք, արդեն, Նանսենի անունը կրող նորվեգական հիվանդանոցից զատ, հենց դիմացը բժիշկների համար լրացուցիչ գողտրիկ տնակներ կառուցեին:
Ահա այս է նաև Կինոյի ուժը...
Ռոբերտ Մաթոսյան
1. Ձաից.-Սոս Սարգսյան , Մհեր Մկրտչյան ,Յուրի Երզնկյան «Խաթաբալա» ( աշատանքային պահ )
2. « Առաջին սիրո երգը » ( դերակատար ՝ Խորեն Աբրահամյան )
3. « Փառքի օղակներ » ( դերակատարներ ՝ Խորեն Աբրահամյան , Ալբերտ Ազարյան , վերջինս մարմնավորում իր կերպարը ) :
4. « Սգավոր ձյունը » (դերակատար ՝ Արմեն Ջիգարխանյան ) :
Լուսանկարները՝ «Անկրկնելի կինոճանապարհ» գրքից, ( հեղ. Ռ. Մ. )

Աղբյուրը`   Ռոբերտ Մաթոսյան