Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգու առանձնացրել». Հ. Ալումյան

738
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 13:25
«Ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգու առանձնացրել». Հ. Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երեկվա նիստից առաջ տուժող ճանաչված անձանց և տուժողների իրավահաջորդ ճանաչված մի քանի ներկայացուցիչներ մամուլի ասուլիս են ունեցել, որի ընթացքում մեծ ապատեղեկատվություն տարածել: Նա կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ տուժող կողմը փորձում է մեծ ճնշում գործադրել դատարանի վրա:

«Դատախազությունն ասում է՝ քանի դեռ նրանք ի սկզբանե հարուցված գործով ճանաչված են եղել տուժող, իրենց դատավարական կարգավիճակը պահպանում են նաև գործից անջատված մյուս գործերով: Շատ լավ, եթե դա այդպես է, ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգու առանձնացրել և այս գործով նրանց ներգրավել որպես տուժող, իսկ այդ 102 հոգուց էլ 4-5 հոգի են գալիս նիստին: Ո՞րն է այն չափանիշը, որից ելնելով 268 տուժող ճանաչված անձանցից դուք ընտրել եք այդ 102-ին: Միգուցե դուք հիմք եք ընդունել այն չափանիշը՝ ընտրել նրանց, ովքեր որ պատրաստ են մարտի 1-ի իրադարձությունների ողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա՞»,- հարց բարձրացրեց փաստաբանը՝ շարունակելով. «Միգուցե այս անձանց մարմնական վնասվածքները տարբերվո՞ւմ են մյուս անձանց մարմնական վնասվածքներից. նայում ենք փորձագիտական եզրակացությունները, տեսնում ենք որ՝ ոչ: Այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազները, մեղադրողներն այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք»,- ասաց Ալումյանը:

Նա հավելեց, որ ՄԻԵԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ 10 գործ է գրանցվել: