Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Լիբանանի ղեկավարությունը հուլիսին նախազգուշացվել է վտանգավոր բեռների առկայության մասին

4994
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 22:10
Լիբանանի ղեկավարությունը հուլիսին նախազգուշացվել է վտանգավոր բեռների առկայության մասին

Լիբանանի նախագահ Միշել Աունը և վարչապետ Հասան Դիաբը, որը օգոստոսի 10-ին հայտարարել էր կառավարության հրաժարականի մասին, երկրի անվտանգության ծառայություններից Բեյրութի ծովային նավահանգստում պայթյունավտանգ բեռների առկայության մասին տեղեկատվություն են ստացել դեռևս հուլիսին՝ ուժեղ պայթյունից երկու շաբաթ առաջ։ Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան ուժային կառույցներում իր աղբյուրին։
Նրա տվյալներով՝ երկրի ղեկավարությունը նախազգուշացվել է, որ նավահանգստի տարածքում պահված 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատն սպառնալիք է Լիբանանի մայրաքաղաքի անվտանգությանը:
Գործակալության աղբյուրը պնդում է, որ նախագահին և վարչապետին հուլիսի 20-ին նամակ է ուղարկվել հանձնաժողովի եզրակացություններով, որը հունվարին զբաղվում էր մայրաքաղաքի նավահանգստի պահեստներում պայթյունավտանգ նյութերի պահպանման հարցով: Փաստաթղթում ասվում էր, որ վտանգավոր բեռները պետք է դուրս բերվեն նավահանգստից։
«Վտանգ կար, որ եթե այդ նյութերը ինչ-որ մեկը գողանա, ապա դրանք կարող են օգտագործվել ահաբեկչական հարձակման ժամանակ»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Բեյրութի նավահանգստի տնօրեն և հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դախերը, ինչպես օգոստոսի 5-ին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը, հայտարարել է, որ Լիբանանի մաքսատունը և հասարակական անվտանգության գլխավոր վարչությունը խնդրել է վտանգավոր բեռները հանել ծովային նավահանգստի տարածքից, որտեղ և տեղի է ունեցել պայթյունը, սակայն, նրա խոսքով, այդ խնդրանքներն անտեսվել են շուրջ վեց տարի: