Ռուսական լրատվականն անդրադարձել է ՀՀ-ում արտասահմանյան հեռուստաալիքների փակմանը
1103
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 23:30
Ռուսական RIA լրատվական գործակալությունն անդրադարձել է ՀՀ-ում արտասահմանյան հեռուստաալիքների փակման որոշմանը: Կայքը գրում է. «Հայաստանը կսահմանափակի արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է օրենք, որը սահմանափակում է հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ընդունվել է ԱԺ-ի կողմից հուլիսի 16-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ: Նրա դրույթներից մեկը նախատեսում է, որ արտասահմանյան տեսալսողական ծրագրերը կարող են առանց լիցենզիայի վերահեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից տասն օր հետո: Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը։ Լիցենզավորման բաժնի պետ Լիանա Դոխիկյանը հայտնել է, որ արտասահմանյան հեռուստաալիքներն այս պահին լիցենզավորված են և գործելու են առնվազն մինչև 2021թ․-ի հունվարի 20-ը՝ մինչև կլրանա նրանց լիցենզիայի ժամկետը: «Եթե մինչ այդ կնքվեն միջպետական պայմանագրեր, ապա նրանք կշարունակեն իրենց գործունեությունը այդ պայմանագրերի հիման վրա»,- ասել է Դոխիկյանը: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը բազմիցս հայտարարել է հանրային թվային մուլտիպլեքսից արտասահմանյան հեռուստաընկերությունները հեռացնելու անհրաժեշտության մասին՝ ելնելով տեղեկատվական անվտանգության նկատառումներից: Նա հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կրկնել է իր դիրքորոշումը՝ պատճառաբանելով, որ կարգավորող հանձնաժողովը, խախտումների դեպքում արտասահմանյան հեռուստաընկերությունների վրա ազդեցության մեխանիզմներ չունի։ «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում Հակոբյանը հայտարարել է, որ այդ դիրքորոշումը ներկայացրել է նաև ռուսական կողմին, այդ թվում՝ Ռուսաստանի դեսպանին, «և դեսպանատանը հայկական կողմի փաստարկներին համաձայն էին»։ Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական կողմն արդեն բազմիցս նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամության մասին և սպասում է հայ գործընկերների պատասխանին»: