Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.

Չինական Xiao-i-ն 1,4 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Apple-ի դեմ

817
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 00:50
Չինական Xiao-i-ն 1,4 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Apple-ի դեմ

Չինական Shanghai Zhizhen Intelligent Network Technology ընկերությունը, որը նաև հայտնի է որպես Xiao-i և որը մասնագիտացած է արհեստական ինտելեկտի ոլորտում, հայց է ներկայացրել Apple-ի դեմ՝ իր արտոնագրերի խախտման մեղադրանքով:
Shanghai Zhizhen-ը սոցիալական ցանցում հայտնել է, որ հայցով պահանջել է 10 մլրդ յուան (1,43 մլրդ դոլար) վնասի փոխհատուցում, ինչպես նաև Apple-ի՝ իր արտոնագրերը խախտող ապրանքների արտադրության, օգտագործման, վաճառքի և ներմուծման դադարեցում:
Shanghai Zhizhen-ը հայտարարել է, որ ձայնի ճանաչման տեխնոլոգիան, որն օգտագործվում է Apple-ի խելացի ասիստենտ Siri-ի գործունեության համար, խախտում է այն արտոնագիրը, որի գրանցման հայտը նա ներկայացրել է 2004թ․-ին, և որը նրան տրվել է 2009թ․-ին:
Երկու ընկերությունների դատական դիմակայությունը շարունակվում է արդեն գրեթե տասը տարի։ Առաջին անգամ Shanghai Zhizhen-ը դատի է տվել Apple-ին՝ 2012-ին արտոնագրային իրավունքների խախտման համար։ Հայցը վերաբերում էր ձայնի ճանաչման տեխնոլոգիայի նկատմամբ հեղինակային իրավունքների խախտմանը։ Հուլիսին ՉԺՀ Գերագույն դատարանն իր որոշմամբ հաստատել է Shanghai Zhizhen արտոնագրի վավերականությունը:
Շանհայի Zhizhen-ի հաղթանակի դեպքում ամերիկյան տեխնոլոգիական հսկան ստիպված կլինի հրաժարվել աշխարհի խոշորագույն շուկաներից մեկում իր արտադրանքի վաճառքից: