Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

Միջուկային պայթյունից առաջացած ամենամեծ ձագարն աշխարհում

706
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 01:05
Միջուկային պայթյունից առաջացած ամենամեծ ձագարն աշխարհում

50-ական թթ․ սկզբին ամերիկացի գիտնականներն առաջարկել են միջուկային պայթյունի էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու գաղափարը։ Պայթյունի միջոցով կարելի էր հեշտությամբ լուծել, օրինակ, ջրանցքների ստեղծման կամ հանքային արյունաբերության ժամանակ առաջացած խնդիրները։


1957թ-ին ամերիկյան կառավարությունը գործարկեց այսպես կոչված «Պլաուշեր» գործողությունը, որի ընթացքում՝ մինչև 1973թ․ իրականացվել է 27 միջուկային պայթյուն: Դրանցից մեկի արդյունքում առաջացել է ամենամեծ՝ Սեդանի «չոր» խառնարանը, որի տեսքն, ի տարբեություն լիճ դարձած Չագանի, մինչ օրս պահպանվել է:

Այս նախագիծն իրականացվել է Նևադա նահանգում գտնվող ատոմային հրաձգարանում: Ի դեպ, 1951-1992թթ․ այդ վայրում ընդհանուր առմամբ պայթեցվել է շուրջ հազար ատոմային ռումբ։ Հրաձգարանի տեղանքն այժմ նման է Լուսնի, որտեղ տարբեր չափերի երկնաքարերից գոյացած խառնարաններ կան։ Պայթյունը նախապատրաստելու համար ինժեներներն ստեղծել են գրեթե 200մ խորությամբ ջրհոր և դրա մեջ իջեցրել 212կգ քաշով և 104կտոն հզորությամբ միջուկային պայթուցիկ սարք: Պայթյունը կատարվել է 1962թ․ հունիսի 6-ին: Այսօր այն համարվում է միջուկային պայթյունի արդյունքում ստեղծված՝ 390մ տրամագծով և 100մ խորությամբ, ամենամեծ խառնարանն ԱՄՆ-ում։

Ճառագայթման մակարդակի չափումները պայթյունից մեկ ժամ անց ցույց են տվել 500 ռենտգեն չափաբաժին, ինչը մահացու է մարդու համար։ Արդեն 7 ամիս անց այն դարձել է այնքան ապահով, որ թույլատրվել է խառնարանի կողքին գտնվել առանց պաշտպանիչ հագուստի։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ռադիոակտիվ մասնիկների տարածման գոտում հայտնվել է ավելի քան 13 միլիոն մարդ, որոնք բնակվում են մոտակա տարածքներում: Իսկ պաշտոնական տվյալների համաձայն, իրականացված բոլոր միջուկային փորձարկումների թվում «Սեդանի» նախագիծն ամենավտանգավորն է եղել ռադիոակտիվ տեղումների քանակով: Հիմնականում հենց այդ պատճառով 1973թ․ փակվեց «Պլաուշերի» գործողությունը։
Միջուկային զենքի փորձարկումներ այստեղ այլևս չեն անցկացվում։

Ներկայում Նևադայի փորձարկման հրաձգարանում, որտեղ գտնվում է Սեդան խառնարանն, անցկացվում են խմբային զբոսաշրջային էքսկուրսիաներ։ Ամեն տարի այդ վայր է այցելում ավելի քան 10000 մարդ։
Սակայն արգելվում է նկարահանելը, ձայնագրելը և տարբեր տեսակի տեխնիկայի օգտագործումը, ինչպես նաև հրաձգարանի գոտուց հուշանվեր վերցնելը։ Տարածքը խտորեն հսկվում է զինվորականների կողմից և ազատ մուտքն այնտեղ փակ է։