Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Թաքնվելով արջից ու ուտելով կոներ՝ մոլորված կինը 4 օր գոյատևել է անտառում

1268
Կիրակի, 12 հուլիսի, 2020 թ., 19:20
Թաքնվելով արջից ու ուտելով կոներ՝ մոլորված կինը 4 օր գոյատևել է անտառում

Իրկուտսկցի ֆիթնես-մարզիչ Օքսանա Սովան ողջ է մնացել՝ 4 օր անտառում մոլորված թափառելուց հետո: Նրան ընկերները հրավիրել են արշավի՝ դեպի Չեկանովսկու գագաթ։ Օքսանան զգուշացրել է, որ մինչև գագաթնակետ չի հասնի, քանի որ ոտքը վիրակապված է և ցավում է։ Ճանապարհի կեսից նա շեղվել է դեպի Խամար Դաբան լեռնաշղթայում գտնվող Սիրտ լիճը, ուր վաղուց երազել է լինել։

«Ես չէի վախենում մենակ գնալուց, լճում միշտ զբոսաշրջիկներ են լինում, դեռ առավոտ վաղ էր, ես լիքը ժամանակ ունեի: Լողացա, արևայրուք ընդունեցի, լուսանկարվեցի, հիացա բնության գեղեցկությամբ ու, ինչպես և պայմանավորվել էինք, բռնեցի վերադարձի ճամփան, որ բոլորից շուտ հասնեմ տուրբազա ու ուտելիք պատրաստեմ»,- պատմել է Օքսանան
Փորձելով ընկերներից շուտ հասնել՝ նա ետ է վերադառնում։ Սակայն ետդարձի ճանապարհին ամեն ինչ անծանոթ է թվում: 2 Ժամ անց հասկանում է, որ մոլորվել է, բջջային կապն անհետանում է և նա ստիպված է լինում գիշերն անցկացնել անտառում։ Առավոտյան կրկին փորձում է ելք փնտրել, սակայն՝ ապարդյուն։ Գտնում է սոճու կոներ, մաքրում և ուտում դրանք։
Նա նաև վիրակապերով ծառերի վրա նշաններ է թողնում։ Երկրորդ օրն արդեն մարզիչը գետի մյուս ափին հանդիպում է արջի, որը մեջքով է շրջված լինում և բարեբախտաբար, նրան չի նկատում։
Երկրորդ գիշերը մարզիչն ավելի լուրջ է պատրաստվում գիշերակացին՝ հավաքելով չոր ճյուղեր և փայտեր, կրակ է վառում տաքանալու համար, հաճախ արթնանում ու փայտ ավելացնում։ Սակայն առավոտյան նրա ամրակազմ մարմինը թուլանում է և չի կարողանում քայլել։ «Ես սպառել էի իմ ֆիզիկական և հոգևոր ուժերը։ Ամբողջ անտառով գոռում էի՝ բաց թողեք ինձ, ես ուզում եմ տուն վերադառնալ՝ երեխաներիս մոտ։
Գիշերն, ամենային հավանականությամբ, երկրաշարժ եղավ, մտովի ես արդեն մահանում էի։ Հետո հավաքեցի ինձ և ինքս ինձ ասացի․ ձեռքեր ու ոտքեր ունեմ, կրակայրիչը մոտս է և դրսում էլ ձմեռ չէ։ Օրգանիզմս նույնպես նախապատրաստվել է, ապա ինչո՞ւ չեմ կարող որոշ ժամանակ այստեղ մնալ։ Ես հասկանում էի նաև, որ ինձ արդեն փնտրում են»- պատմել է Սովան։
Չորրորդ օրը, վաղ առավոտյան կինը որոշել է բարձրանալ լեռը և տեսնել, թե որ կողմում է գտնվում լիճը։ Հեռվում նա նկատում է ծանոթ գեղեցկությունը, որտեղից 4 օր առաջ սելֆիներ էր անում, և ինքն իրեն հուսադրում՝ փրկություն։
Նա իջնում է և հասնում ջրի մոտ, որտեղ նրան են փնտրում փրկարարները: «Քաղաքի կեսը փնտրում է Ձեզ, իսկ մենք արդեն թաղել էինք»,- բացականչել են նրանք։
Փրկարարներն անմիջապես կերակրել են Օքսանային և տարել ընկերների մոտ։
Տանն արդեն նա 2 օր անց է կացրել անկողնում՝ վերականգնելով ուժերը, իսկ նրա անկողնուց չեն հեռացել 2 մանկահասակ երեխաները, որ անհամբեր սպասել են՝ վստահ լիելով, որ իրենց մայրիկն ուժեղ է ու ետ է վերադառնալու:

Օքսանան նաև խոստովանել է, որ առաջ երբեք չէր հավատ, որ ինքը կարող է մոլորվել անտառում: «Թող իմ սխալը դաս լինի մյուսներին ու կյանքեր փրկի: Երբեք մի ասեք, թե դուք չեք մոլորվի, ես էլ էի վստահ»: