Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կոչ կանեմ՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն ինձանից չպաշտպանեն». նախարար

408
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 15:30
«Կոչ կանեմ՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն ինձանից չպաշտպանեն». նախարար

«Աղմուկն ավելի շատ է, քան իրական քննարկումը: Ես պարզապես կոչ կանեմ՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն ինձանից չպաշտպանեն, որովհետև ես հայագիտական բլոկի այդ առարկաների դասավանդման հետ կապված իմ դիրքորոշումը վաղուց եմ հայտնել:

Հիշում եք՝ 2000թ. կար «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը, որի հիմնադիրներից մեկը ես եմ: Ինձ համար տարօրինակ է, որ այսքան պաթոսախառն ու հայրենասեր տեքստեր այն ժամանակ այս ծավալի չկային: Ո՞ւր էին այդ մարդիկ, երբ շատ ռեալ վտանգված էր դպրոցներում այս առարկաների դասավանդումը». հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին, որոնց համաձայն՝ բուհերում այլևս պարտադիր չի լինելու հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության առարկաների դասավանդումը:

Ըստ նախարարի՝ այն լուծումները, որոնք նախարարությունը տվել է, շատ տրամաբանական են:

«Դուք գիտեք, որ դպրոցները 12-ամյա են և, ըստ էության, մեր ուսանողներն այն ավարտում են 18 տարեկանում: Եվ, եթե նախկինում բուհ ընդունվելը 16 տարեկանից էր, և շատ հաճախ ասում էին, որ դպրոցում տարիքը չի ներում, օրինակ՝ հայոց պատմությունն ընկալել այն ծավալով, ինչպես հնարավոր է հասուն տարիքում, այդ հարցը լուծված է:

Մենք սրանով ուժեղացնում ենք դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն՝ բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում այլևս անհրաժեշտ չի լինում: Այս քայլով մենք հայագիտական բլոկն ուժեղացնում ենք դպրոցում: Ըստ էության, գիտելիքի հիմնական պաշարը նրանք ստանալու են դպրոցում և անցնելով բուհեր՝ մասնագիտական ուղղություններով ավելի շատ առարկաներ են կարողանալու անցնել»,-նշեց նախարարը:

Նա պնդեց, որ դա ամենևին չի նշանակում, որ բուհերն այս առարկաները հանում են: Բուհերն իրենց որոշմամբ կարող են ծրագրերում ունենալ հայագիտական բլոկի առարկաներ, որևէ արգելք չկա: Բացի այդ, ինչպես նկատեց նախարարը, այժմ մտցվել է մի դրույթ, որը նախկինում չի եղել: Այն է՝ բոլոր նրանք, ովքեր բուհ են ընդունվելու, պարտադիր պետք է հայոց լեզու են հանձնեն:

Նախարարը կոչ արեց հարցը քննարկել առարկայական, ոչ թե էմոցիոնալ առումով: Ա. Հարությունյանի գնահատմամբ՝ մի խումբ մարդիկ «կուրծք են ծեծում», որովհետև զրկվելու են ավանդաբար երաշխավորված իրենց դասաժամերից, որոշակի կոռուպցիոն համակարգի մեջ ներգրավվելուց: ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրեց, որ վերանայվելու են նաև այլ պարտադիր առարկարկաներ, մասնավորապես՝ իրավագիտությունը:

«Նախկինում կար մի խումբ, այդ թվում՝ կառավարությունում, որ իրենց գործընկերներին դասաժամերով ապահովելու համար ինչ-որ հայեցակարգ գրեցին, այս առարկան որպես պարտադիր առարկա մտցրին ու իրենց գործընկերների համար դասաժամեր ապահովեցին: Իրավագիտությունը նույնպես լավ որակի պետք է դասավանդվի 12-ամյա դպրոցում, և քաղաքացին բազային գիտելիքով գա բուհ և ստանա մասնագիտություն»,-ամփոփեց նախարարը: