Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Նախարարությունը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, շարունակում է լռել հօգուտ Գագիկ Ծառուկյանի: Անտրամաբանական է, բայց փաստ, որ հետհեղափոխական շրջանում օրենքն առաջին հերթին ոտնահարվում է հենց պետական մարմինների կողմից: Նախկին նախարարի կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներին ըմբռնումով էինք մոտենում, քանի որ Գագիկ Ծառուկյանն էր դե ֆակտո նախարար: Նոր նախարարից ակնկալիքներ ունեինք, սակայն վերջինս տիպիկ Ծառուկյանական ոճի նախարար է: Մասնավորապես՝ նախարարության և ֆեդերացիայի միջև 08.01.2019 թվականին կնքվել է ֆինանսավորման պայմանագիր, որի 1.1. կետով սահմանված է, որ պետական մարմինը ծրագրի իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացնում է որոշմամբ նախատեսված 116,900,000 ՀՀ դրամ գումար։ Ընդ որում պայմանագրի 2.2.1 կետի համաձայն՝ Ֆեդերացիան իրավունք ունի պետական մարմնի կողմից գումարները չվճարելու դեպքում միակողմանի լուծելու սույն պայմանագիրը և պահանջելու հատուցել իրեն պատճառված վնասները։ Այսինքն պայմանագրում հստակ՝ սևը սպիտակի վրա գրված է, որ պետական մարմինը պարտավոր է ֆինանսավորել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային: Փաստը մնում է փաստ, որ նախարարությունն իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում: Քանի որ բավականին դժվարությամբ են այս խնդրին արձագանքում պետք է միայն ենթադրել, թե ինչ պատճառաբանությամբ: 1. Ֆինանսներ չունեն (այս վարկածը կարելի է բացառել, քանի որ պետական բյուջեով ամեն տարի նախատեսվում է և այդ գումարները կարելի է ասել անձեռնմխելի են), 2. Չեն ուզում խնդիրներ ունենալ Գագիկ Ծառուկյանի հետ, 3. Կամ ուղղակի չեն տիրապետում իրավական և փաստական հիմքերին: Առավել շատ հակված ենք մտածել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հարցերը լուծվում են կուլիսների հետևում, քանի որ Գագիկ Ծառուկյանը և Արայիկ Հարությունյանը ձեն-ձենի տված որոշում են բռնի ուժով բռնցքամարտի ճակատագիրը խեղել: Արայիկ Հարությունյանը ևս չի սիրում գրավոր պատճառաբանել և հիմնավորել նախարարության անհեթեթությունները: Եզրակացությունը հստակ է, այս նախարարը ևս սպորտի գծով չի կարողանում անկախություն ապահովել և հակակշիռ ստեղծել Գագիկ Ծառուկյանին, այլ ավելին, նրա ջրաղացին ջուր է լցնում: Տպավորությունն այնպիսին է, որ մեր երկրում ոչ վարչապետի, ոչ էլ նախարարի փոփոխությունն այդպես էլ չհանգեցրեցին Գագիկ Ծառուկյանի օկուպացիայից սպորտի ազատագրմանը և սպորտը կրկին կախված մնաց Գագիկ Ծառուկյանի կամայական որոշումներից»: