Կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները. «168 ժամ»
«Կառավարությունն արտահերթ նիստով հաստատեց 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Դա արվեց ոչ միայն արտահերթ նիստում, այլև՝ դռնփակ ռեժիմով: Թե ինչո՞ւ միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ընդունվեց դռնփակ նիստում, հավանաբար, պետք է գուշակել: Դատելով փաստաթղթում ամրագրված ցուցանիշներից՝ առաջիկա երեք տարիների համար ակնկալիքներն ամենևին էլ այն չեն, ինչին սպասում էր հասարակությունն իշխանափոխությունից հետո: Խոսքն ինչպես տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների, այնպես էլ սոցիալական ոլորտի սպասելիքների մասին է: Ի տարբերություն վարչապետի հայտարարությունների՝ կառավարության ներկայացրած միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ամենևին էլ չի ենթադրում տնտեսության թռիչքաձև զարգացում: Ընդհակառակը՝ աճի ակնկալիքներն առաջիկա տարիներին նույնիսկ նվազեցվել են: Այս տարվա համար կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի 5,4 տոկոս աճ: Թվում է, թե թռիչքային աճ խոստացող և տնտեսական հեղափոխություն հայտարարած կառավարությունը հաջորդ տարիներին պիտի շատ ավելի բարձր աճի սպասելիքներ ունենար: Սակայն պարզվում է, որ այդպես չէ: Հաջորդ տարվա համար կառավարության ակնկալիքներն ընդամենը 4,9 տոկոս են: 2021թ. կանխատեսվում է 5, իսկ 2022թ.' 5,1 տոկոս տնտեսական աճ: Երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ թռիչքային զարգացում ապահովելու հետ կապված կառավարության խոստումները հեռու են իրակասասալուց: Պատահական չէ. որ տնտեսական աճի սպասելիքները նվազեցվել են նույնիսկ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ: Պատկերացնելու համար ասենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո հաստատված ծրագրով 2020 թ. կանխատեսվում էր 5,5, իսկ 2021թ. 5,6 տոկոս տնտեսական աճ: Իշխանափոխությունից մեկ տարի հետո կառավարությունը որոշել է այդ ցուցանիշներն իջեցնել 0,5 տոկոսով: Թե ո՞ւր մնաց տնտեսության թռիչքը, որի մասին իշխանափոխությունից հետո հայտարարեց վարչապետը, հայտնի չէ: Այն, ինչ ակնկալում է կառավարությունն առաջիկա երեք տարիների տնտեսական զարգացումների առումով, հեռու է թռիչքային լինելուց: Հավանաբար դա է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել թռիչքի մասին: Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ այդպիսի հեռանկարներ չկան: Առավել ևս այն իրավիճակում, որը հաստատվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո: Այս կառավարությունը մինչև այժմ չունի տնտեսության զարգացման հստակ հայեցակարգ: Ու դեռ պարզ չէ, թե ո՞ւր է գնում տնտեսությունը: Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո շատ բան մնում է հայտարարությունների մակարդակում: Այդ հայտարարությունները ոչ միայն հիմնավորված չեն, այլև չունեն ծրագրային ապահովում: Ինքնահոսով տնտեսություն չեն զարգացնում, ինչպես ուզում է անել ներկայիս կառավարությունը: Հայաստանի տնտեսության զարգացումների նկատմամբ մեծ չէ նաև միջազգային փորձագետների վստահությունը: Միջազգային արժութային հիմնադրամի սպասելիքը 2020թ. 4.5 տոկոս է: Նույնպիսի կանխատեսում են ներկայացնել նաև միջազգային երկու հայտնի վարկանշային ընկերությունները՝ «Մուդիսը» և «Ֆիթչը»»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
13422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
11521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66518.04.2024, 22:48